11882 դիտում
20:06 21-04-2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի հայտարարությունը
Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու և սահմանը պահող զինվորի համար:
Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների և զոհաբերությունների գնով: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք համոզվեցինք՝ որքան փխրուն է խաղաղությունը Արցախի և Հայաստանի սահմանին, և որքան ուժեղ է հայ զինվորը, երբ թիկունքում ունի ազգի անվտանգությունը առաջնային դասող, պետականության հիմքերն անսասան պահող հասարակություն:
Խիստ մտահոգիչ են լարվածության ծայրահեղ դրսևորումներով զարգացումները, որոնք սպառնում են ազգային անվտանգության կարևոր հիմքերին՝ ներքին կայունությանն ու պետության պաշտպանունակությանը: Մեր ժողովրդին մշտապես հաջողվել է ողջախոհության ու համախմբվածության շնորհիվ արժանապատվորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերը, ապավինելով հայ ժողովրդի խոհեմությանն ու հեռատեսությանը, կոչ են անում հանուն Հայրենիքի խաղաղության ու համազգային համերաշխության՝ զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից և օրինականության ու երկխոսության ճանապարհով հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցություն
Հայ Հեղափոխական դաշնակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
«Շարժում-88» կուսակցություն
21 ապրիլի, 2018թ.
ք. Ստեփանակերտ
Նմանատիպ նյութեր
1206 դիտում
19:21 29-10-2022
Արցախի նախագահը հանդիպել է Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ