211652_close_icon
views-count11583 դիտում article-date 21:19 22-04-2018

Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

Ապրիլի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին: Այս մասին [url=http://www.mfa.am/hy/press-releases/item/2018/04/22/fm_meeting_ambassadors/]տեղեկացնում է[/url] Արտաքին գործերի նախարարության կայքը: Նախարար Նալբանդյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նախորդ օրը դեսպանների հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումների վրա։ Արտգործնախարարն անդրադարձավ հավաքների վերաբերյալ ՀՀ Արդարադատության նախարարության, իրավապահ մարմինների տարածած հայտարարություններին: ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ղեկավարության ու հոգևոր առաջնորդների կողմից հնչել են երկխոսություն սկսելու բազմաթիվ կոչեր։ Հանրապետության նախագահը նույնիսկ գնաց ցույցի վայրը՝ հավաքների կազմակերպչի հետ հանդիպելու և երկխոսությանը մեկնարկ տալու համար։ Այսօր՝ ապրիլի 22-ին Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից լիցքաթափման ակնկալիքը չիրականացավ, քանի որ հավաքների կազմակերպիչը Վարչապետի հետ հանդիպումն օգտագործեց ՀՀ իշխանություններին վերջնագիր ներկայացնելու համար՝ փաստորեն մերժելով երկխոսության առաջարկը։ Անդրադառնալով Եվրամիության կողմից այսօր արված հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ հայկական կողմը կիսում է դրանում արտահայտված դրույթները և ոչ միայն լիովին հարգում է հավաքների ազատության իրավունքը, այլև գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը, Հայաստանի օրեսնդրության և միջազգային պարտավորությունների համաձայն։ Նախարարը շեշտեց, որ հավաքի մասնակիցներն իրենց իրավունքներն իրականացնելիս պետք է հարգեն Հայաստանի համապատասխան օրենսդրությունը։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանումներ ներկայացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքի և հավաքների ազատության ապահովման միջազգային փորձի վերաբերյալ։ Նախարար Հարությունյանը անդրադառանլով ԱԺ պատգամավորների ձերբակալությանը՝ նշեց, որ անտեսելով Ոստիկանության հորդորները` հավաքի կազմակերպիչները շարունակել են կոչերը այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակման վերաբերյալ, և որոշում է կայացվել ապօրինի հավաքները դադարեցնելու մասին։ Հավաքի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից, ապա հանցագործության կատարումը կանխելու նպատակով՝ օրենսդրության սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են: Մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ կարևորեցին երկխոսությամբ՝ ստեղծված իրավիճակի քաղաքական և օրենքի սահմաններում լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Նմանատիպ նյութեր