226964 դիտում
08:51 01-05-2018
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են BMW-ն ու 06-ը. կա 3 զոհ, 4 վիրավոր. մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Ալեքսան Վարդանյանի վարած BMW մակնիշի 019 TT 01 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 FC 274 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, «06»-ի միջից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Թաթուլ Սերոյանի, 18-ամյա Գրիշա Մովսիսյանի, 18-ամյա Նարեկ Ամիրխանյանի դիերը, իսկ «06»-ի մյուս ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ, 19-ամյա Սամվել Սանեյանը, 20-ամյա Ռազմիկ Մարգարյանը, 18-ամյա Մուշեղ Մարգարյանը և BMW-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Արթուր Ավետիսյանը և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը:
Դեպքի վայրի տեղազննությունը ղեկավարել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Բարսեղ Մուրադյանը:
Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ:։
Փաստի առթիվ Բ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Տեղում ծառայությունը ղեկավարում էր ոստիկանության Գուգարքի բաժնի պետի տեղակալ Միքայել Մկրտչյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են «06»-ի վարորդի ինքնությունը:
Հավաքվածները նշում էին նաև, որ վթարից հետո BMW-ի վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորներին, սակայն տեղանքը, քանի որ մութ է եղել, նա մոտ 6 մետր բարձրությունից գլորվել է ցած, ու նրան ձորից դուրս են բերել Վանաձորի փրկարարները ու քաղաքացիները:
Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+