362558 դիտում
22:55 20-10-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է էլեկտրասյանը. մահացածներին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36 LD 941 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում, «Պարկինո» ավտոլվացման կետի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Համբարձում Վարդումյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Դավիթ Ներսեսյանի գլխավորությամբ:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 3 վիրավորներին և 2 մահացածներին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանը:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբերը:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գեղամ Գալստյանի և Արթուր Ադամյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Գալստանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+