211652_close_icon
views-count2335 դիտում article-date 11:36 01-05-2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հալլե-Վիթենբերգի համալսարանի պատվիրակությանը

Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի (Հալլեի) համալսարանի պատվիրակությանը՝ գլխավորությամբ համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շտրատերի և ուղեկցությամբ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի գիտական ղեկավար Տիգրան Թորոսյանի: Հանդիպման սկզբում պրն. Թորոսյանը Նորին Սրբությանը ներկայացրել է Հալլեի համալսարանի պատվիրակության անդամներին, ապա խոսեց Պետական լեզվաբանական համալսարանի հետ նախանշվող համագործակցության հեռանկարների մասին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը, ողջունելով Հալլե-Վիթենբերգի համալսարանի պատվիրակության այցը Հայաստան, գոհունակությամբ արձանագրել է, որ Մայր Աթոռի ու համալսարանի միջև առկա է բազմամյա սերտ համագործակցություն: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել համալսարանի ռեկտորին` Մայր Աթոռի միաբաններին և առհասարակ հայ երիտասարդներին համալսարանում ուսանելու հնարավորության ընձեռելու համար: Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ այդ համագործակցության ձևավորման գործում իր անուրանալի ավանդն ունի Հալլե քաղաքի հայկական համայնքը: Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը ողջունել է երկու կրթական հաստատությունների միջև սկզբնավորվող գործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն իր արդյունավետությամբ առավել կնապաստի երկու ժողովուրդների կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Իր հերթին Հալլե-Վիթենբերգի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շտրատերը ևս ողջունել է երկու համալսարանների միջև հաստատվող կապերը` կարևորելով դրանք մշակութային փոխճանաչողության առումով: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը տեղեկություններ է փոխանցել առկա կացության վերաբերյալ` ներկայացնելով քաղաքական ուժերի միջև երկխոսության սկզբնավորմանը, ինչպես նաև խաղաղության ու համերաշխության մթնոլորտի վերականգնմանն ուղղված ջանքերը: Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր