211652_close_icon
views-count6676 դիտում article-date 15:46 03-05-2018

Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Գրքի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի օրվան նվիրված միջոցառում

Մայիսի 1-ին Բուենոս Այրեսում ընթացող գրքի 44-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը: Հատկանշական է, որ Հայաստանն արդեն 40 տարի մշտապես ներկայացված է այս ցուցահանդեսում, իսկ 1991թ.-ից` որպես անկախ պետություն: Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացավ օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին շուրջ 2000 հանդիսական: Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով ներկայացրեց Հայոց այբուբենի և գրերի կրոնական, գիտական նշանակությունը և համամարդկային մշակութային ժառանգությունը: Դեսպանն անդրադարձավ Հայաստանում յուրաքանչյուր տարի նշվող Թարգմանչաց տոնի նշանակությանը, Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը և աշխարհի տարբեր անկյուններում դարեր շարունակ գործող կրոնական և կրթական հաստատություններին կից հայկական գրադարանների և դրանց ստեղծման պատմությանը: Էսթերա Մկրտումյանն իր ելույթում խոսեց նաև թվայնացման արդի պայմաններում Հայաստանում և արտերկրում պահպանված հայկական մագաղաթների առանձնահատուկ կարևորության մասին` որպես անցյալն ու ապագան միավորող կամուրջ: Ելույթ ունեցավ նաև Արգենտինայի Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, ով իր ելույթում կարևորեց արգենտինահայ համայնքային հաստատությունների գործունեությունը` որպես հայ ազգի կողմից ինքնության պահպանության, հայ գրերի և գրականության, ինչպես նաև հայկական ավանդույթների պահպանության վառ օրինակ: Ելույթով հանդես եկավ նաև Արգենտինայի «Հայ կենտրոնի» նախագահ Կառլոս Մանուկյանը` ներկայացնելով հայկական տարազի պատմության մասին համայնքի կողմից պատրաստած և լույս ընծայված նոր գիրքը: Միջոցառման ավարտին հետևեց մշակութային ծրագիր` արգենտինահայ «Մասիս», «Նարեկ», «Նաիրի» և «Գայանե» պարախմբերի կատարմամբ, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Նմանատիպ նյութեր