32959 դիտում
12:48 07-05-2018
ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է դատապարտյալի մահվան դեպքով քրգործի վարույթը կարճելու մասին 23 տարվա վաղեմության որոշումը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով վերացվել է դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում 17-ամյա դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:
1994թ. 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Ս.-ն, ով պատիժը կրում էր Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, 1995թ. հունվարի 3-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, մահացել է Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութի քննչական մեկուսարանի մենախցում:
Դեպքի առթիվ Կոտայքի շրջդատախազությունում 1961թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող քննիչը տվյալներ ձեռք չի բերել Ա.Ս.-ին ինքնասպանության հասցնելու վերաբերյալ և 1995թ. մարտի 3-ին որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Մասնավորապես հիմնավորված է համարվել, որ 1994թ. դեկտեմբերի 30-ին դաստիարակչական ուղղիչ գաղութից Ա.Ս.-ն, թվով վեց դատապարտյալների հետ, տեղափոխվել է Երևանի ալրաղաց կոմբինատ, աշխատելու, որտեղից դիմել է փախուստի: 1995թ. հունվարի 3-ին նա հայտնաբերվել և տեղափոխվել է գաղութ, որտեղ, վարչական շենքի 2-րդ հարկից կրկին ցանկացել է դիմել փախուստի, սակայն աստիճաններից գլորվել է և ստացել մարմնական վնասվածքներ:
Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, քննչական մեկուսարանի տեսուչը խցից ձայն լսելով դիտանցքով տեսել է, որ Ա.Ս.-ն ընկած է մահճակալի կողքին ու չի արձագանքել իր հարցերին: Այդ մասին անմիջապես տեղեկացրել է պատասխանատու հերթապահին, ում թույլտվությամբ բժիշկը փորձել է օգնություն ցույց տալ, սակայն Ա.Ս.-ն մահացել է:
2018թ. փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանություն է դիմել 1994թ. հոկտեմբեր ամսից մինչև 1995թ. մարտի 27-ը Աբովյան քաղաքի անչափահասների և կանանց քրեակատարողական հիմնարկում որպես հսկիչ աշխատած Ա. Հ.-ն և հայտնել, որ անձամբ ականատես է եղել նշված ՔԿՀ-ում Ա. Ս.-ի սպանությանը: Հաղորդման ստուգման ընթացքում Ա. Հ.-ն հավելել է, որ 1994թ. վերջին հիշյալ ՔԿՀ կալանավորների կողմից կատարված անկարգությունների ժամանակ Ա. Ս.-ն և ևս մեկ անձ դիմել են փախուստի: 1995թ. հունվար ամսին վերջիններս հայտնաբերվել են, որից հետո նշված հիմնարկի մեկուսարանում ՔԿՀ աշխատակիցները ծեծելով սպանել են Ա. Ս.-ին:
2018թ. մարտի 16-ին Կոտայքի մարզի դատախազություն է ստացվել նաև Ա. Ս.-ի հոր՝ Է. Ս.-ի դիմումը, որում վերջինս նշել է, որ որդին իրականում սպանվել է, սակայն մահվան իրական հանգամանքների մասին ինքն ու ընտանիքի անդամները տարիներ շարունակ լռել են, քանի որ իրենց սպառնացել են:
Վերջինս նշել է նաև, որ 1995թ. հունվարին որդու դին տուն տանելուց հետո իրենց տունը գիշեր-ցերեկ ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից հերթափոխով հսկվել է, սակայն ընտանիքի անդամները տեսախցիկով գաղտնի տեսագրել են որդու վրա շպարով ծածկված բազմաթիվ կոտրվածքները և այլ վնասվածքները:
2018թ. մարտի 16-ին Ա. Ս.-ի մահվան դեպքի մասին այս հայտարարություններն ու հաղորդումն ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազություն, որտեղ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով այդ մահվան դեպքի առթիվ ավարտական որոշման վերանայման վարույթ է հարուցվել և քննություն կատարելու նպատակով ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Քննության ընթացքում սպանված պատանու ծնողները նույնաբովանդակ բացատրություններ են տվել՝ նշելով, որ Աբովյանի ՔԿ հիմնարկի մենախցում Ա. Ս.-ին ծեծի ենթարկելով սպանել են ՔԿՀ աշխատակիցները՝ գտնվելով հարբած վիճակում: Նրանք հայտնել են նաև, որ ՔԿՀ-ում իրենց ահաբեկել են՝ ասելով, որ «կատարվածի մեջ քիթը խոթելու դեպքում» կարող են սպանել ընտանիքի մյուս անդամներին, ինչից իրենք վախեցել են և որևէ քայլի չեն դիմել:
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները համադրելով հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներ հետ՝ պարզվել է, որ Ա. Ս.-ի մահվան ժամկետների հետ կապված առկա է ակնհայտ անհամապատասխանություն, բացի այդ, չեն եղել Ա.Ս.-ի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ տվյալները:
Նոր երևան եկած հանգամանքներով վերանայման վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները կասկածի տակ են դնում Ա. Ս.-ի մահը բարձրությունից, իսկ մյուս վնասվածքները աստիճաններից վայր ընկնելու հետևանքով առաջացած լինելու վերաբերյալ վարույթն իրականացրած քննիչի հետևությունները: Վերոգրյալից ելնելով՝ առաջացել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով սպանության հանցակազմի առկայությունը պատշաճ կարգով ստուգելու, դատապարտյալի մահվանը հանգեցրած և մյուս վնասվածքներն ստանալու հանգամանքները պարզելու անհրաժեշտություն:
Արդյունքում, նկատի ունենալով, որ ի հայտ են եկել վերացվող որոշումը կայացնելիս վարույթն իրականացնող մարմնին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք ապացուցում են այն անձանց մեղավորությունը, ում նկատմամբ գործով վարույթը կարճվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում է ընդունել վերացնել դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Ա. Ս.-ի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1113 դիտում
20:16 28-10-2015
Դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչի անհիմն որոշումը
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»