30664 դիտում
16:32 12-05-2018
Ընտրությունների ժամանակ բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ. ՀՀ վարչապետ
Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացնելու ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ-ում, զինված ուժերում եւ համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այս նշանակումն, ըստ էության, արտահայտում է այն քաղաքականությունը, որ իրենք պատրաստվում են վարել զինված ոուժերի զարգացման ուղղությամբ. «Մեզ համար կարեւոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, եւ զինված ուժերը քաղաքական որեւէ ցնցման ազդեցություն չզգան»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԶՈՒ-երի բնականոն զարգացումը, խնդիրները կառավարության համար լինելու են բացարձակ առաջնահերթություն, քանի որ խոսքը մեր երկրի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մասին է: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ՀՀ-ի, ԱՀ-ի անվտանգության մակարդակն անշեղորեն բարձրանա:
Վարչապետը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձեւակերպել է նախարարի առջեւ: «Առաջին եւ ամենակարեւոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է: Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է եւ շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում եւ բանակցային գործընթացներում ՀՀ-ի դիրքերն ամրանում են եւ պետք է շարունակեն ամրանալ: Նաեւ ուզում եմ ընդգծել, որ բանակը, ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության եւ բանակցային գործընթացի համար: Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել եւ համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը:
Ես Արցախի Հանրապետությունում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, ԶՈՒ-երի ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈՒ-երը կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ: Սա վկայում է մեր ԶՈՒ-երի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին: Այս գործընթացը պետք է շարունակենք:
Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ, մեր խնդիրն է՝ ապահովել ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու ընտրության ազատությունը եւ այդ առումով, առավել եւս ԶՈւ-երի ծառայող հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետեւ այդպես է նախատեսված Սահմանադրությամբ, օրենքներով, ու սա վերաբերում է բոլորին՝ շարքայինից մինչեւ գեներալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ ԶՈՒ-երը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր եւ իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն:
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսուհետ այս խնդիրը լուծելն իրական է, եւ այդ գործընթացը պետք է շարունակել մինչեւ վերջ:
Նմանատիպ նյութեր
2859 դիտում
09:23 07-06-2016
Ցանկանում, որ Սամվել Բաբայանը ներքաշվի պատմության մեջ. «168 ժամ»
4893 դիտում
21:59 03-10-2021
Հայաստանը երբեք չի ներքաշվի ընդդեմ Իրանի դավադրության մեջ. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»