211652_close_icon
views-count3868 դիտում article-date 23:30 15-05-2018

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Դամասկոսում

Մայիսի 14-ին Դամասկոսի Ասադի անվան օպերայում ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադի և Սիրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադը, ՍԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանը, ՍԱՀ կազմակերպությունների և միությունների գծով պետնախարար Սալվա Աբդալլահը ՍԱՀ Ժողովրդական Ժողովի անդամ, Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Արտաությանը, Սիրիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ, ցեղապետեր, Սիրիայի հասարակական-մշակութային, կուսակցական կազմակերպությունների, գիտության և ուսումնական հաստատությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ պաշտոնական և մշակությային: Առաջին մասում միջոցառման պատվո հյուրերը հանդես եկան շնորհավորական ուղերձներով: Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փլադյանը ներկաներին ուղղված բացման խոսքում նշեց, որ 1918թ.-ի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնումը պատմական անհրաժեշտություն էր ավելի քան 550 տարի պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար: Դեսպանը հավելեց, որ Առաջին Հանրապետության կայացումը դարձավ հնարավոր Մայիսյան հերոսամարտերում սեփական գոյությունն ու հավատքը պաշտպանելու դուրս եկած հայ ժողովրդի անձնազոհ սխրանքի շնորհիվ: Դեսպան Փոլադյանն ընդգծեց, որ հերոսամարտերը Հայոց պատմության մեջ հավերժացրեցին հայ ազգի հարատև մնայունության վճռականությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադը, ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, ՍԱՀ ԺԺ պատգամավոր Նաբիլ Տոոմեն և Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Իրենց ելույթներում նրանք ընդգծեցին, որ սիրիացիները պատմականորեն միշտ կանգնած են եղել հայերի կողքին և որ հայ և սիրիացի ժողովուրդների հարաբերությունները եղել են և կմնան փոխադարձ հարգանքի և վհստահության օրինակելի հարաբերություններ՝ կառուցված մշակութային ընդհանրության և խոր արմատներ ունեցող համատեղ պատմության հիմքի վրա: Երկու ժողովուրդները Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում ազատագրական մարտեր մղեցին ազատ և անկախ ապրելու համար: Ելույթ ունեցողները առանձնահատուկ ընդգծեցին Հայաստանի Հանրապետության անփոփոխ հավասարակշռված դիրքորոշումները բարեկամ Սիրիայում ավելի քան յոթ տարի չդադարող պատերազմի կապակցությամբ: Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց Առաջին Հանրապետության մասին պատմող վավերագրական կարճամետրաժ կինոֆիլմ արաբերեն լեզվով, որը պատրաստվել էր ՀՀ դեսպանության և սիրիացի անվանի ռեժիսոր Բասել ալ-Խատիբի համագործակցությամբ։ Ֆիլմը հանգամանալից կերպով պատմում է Առաջին Հանրապետության կայացման ողջ պատմությունը՝ սկսած Հայոց մեծ Եղեռնից և անկախության համար մղած գոյամարտերից, մինչև Առաջին Հանրապետության անկումը և Հայաստանի խորհրդայնացումը: Միջոցառման երկրորդ մասում Սիրիայի կոնսերվատորիայի “Կորալ” երգչախումբը՝ Սիրիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Միսակ Բաղբուդարյանի ղեկավարությամբ կատարեց Կոմիտասի երգերը, Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը և այլն։ Ապա հադիսատեսին ներկայացվեցին հայկական ազգային պարեր՝ Դամասկոսի Նոր սերունդ մշակութային միության “Մեղրի” պարախմբի կատարմամբ: Միջոցառումը մեծ արձագանք ստացավ սիրիական մամուլում, այն հեռարձակվեց Սիրիայի արբանյակային հեռուստաալիքի ուղիղ եթերով:

Նմանատիպ նյութեր