211652_close_icon
views-count39179 դիտում article-date 10:37 19-05-2018

Մոռացեք, թե ով, երբ, ինչի համար և ինչպես է իշխանությունից հեռացել. դրանք երկրորդական են. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Անցած շաբաթ իրադարձությունների բազմազանության մեջ առանձնապես ուշադրության չարժանացավ հեռակա բանավեճը, որը տեղի էր ունենում արցախյան խնդրի շուրջ: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննադատեց վարչապետ Փաշինյանի որոշ արտահայտությունները, որոնք նա արել էր Ստեփանակերտում: Ի պատասխան` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտպանեց Փաշինյանին, քննադատեց նախկին նախարարին և «ձեռի հետ կպավ» նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դրան ի պատասխան` երկրորդ նախագահին համակրող 2rd.am կայքը Տեր-Պետրոսյանին «ցինիկ» անվանեց, իսկ Վիգեն Սարգսյանը «հակահարված» ստացավ «Հայկական ժամանակ» թերթից՝ «Ռոմանտիկ հակահեղափոխականները. ամենագլխավոր դերը վերապահվել է Վիգեն Սարգսյանին» հոդվածով: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, եթե խոսքը չգնար արցախյան խնդրի մասին, որտեղ, իմ պատկերացմամբ, առաջին դեմքերի՝ նախկին և ներկա ղեկավարների միջև հրապարակային բանավեճը պետք է տեղի ունենա չափազանց զուսպ և պատասխանատու տոնայնությամբ (եթե ընդհանրապես պիտի տեղի ունենա): Ավելին՝ երեք նախկին նախագահները և ներկայիս վարչապետը կարող են, կարծում եմ, մնացածների համար օրինակ ծառայել: Այս հարցում առաջին քայլն, ինձ թվում է, պետք է անեին նախկին նախագահները: Առաջինը, որը նրանք կարող էին անել, նորընտիր վարչապետին շնորհավորելն էր, ինչն արեցին աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարները՝ Պուտինից և Թրամփից սկսած: (Հանուն արդարության ասենք, որ առաջին նախագահը, թեև չի շնորհավորել, բայց երկու անգամ իր փաստացի աջակցությունն է հայտնել ներկայիս վարչապետին, ինչը, բնականաբար, դրական երևույթ է): «Աբիժնիկությունը» պետական գործում ավելորդ շքեղություն է, քաղաքական հակառակորդ լինելը դեռ չի նշանակում հակադրվել պետության համար կարևորագույն խնդիրներում: Առաջին երեք ղեկավարները պետք է ընդունեն 4-րդի ընտրությունը՝ շատ լավ կլինի նաև, որ դրանից հետո նրանք հանդիպեն և, եթե նույնիսկ ոչ մի խնդիր չքննարկեն, ապա գոնե լուսանկարվեն: Բայց հատկապես Հայաստանի դեպքում դա կարող է ունենալ ոչ միայն խորհրդանշական իմաստ, քանի որ մենք, ըստ էության, պատերազմի մեջ ենք, իսկ ղարաբաղյան հիմնահարցն ու դրա շուրջ բանակցություններն ունեն տասնամյակների պատմություն: Վատ չէր լինի հիշյալ 4` նախկին և ներկա ղեկավարները մտքեր փոխանակեին այս հարցերի շուրջ: Դրա օրինակը մենք տեսել ենք` ապրիլյան պատերազմից անմիջապես հետո երրորդ նախագահն այցելել էր առաջին նախագահին: Մոռացեք, հարգարժան ղեկավարներ, թե ով, երբ, ինչի համար և ինչպես է իշխանությունից հեռացել: Դրանք երկրորդական խնդիրներ են»: [b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր