211652_close_icon
views-count6242 դիտում article-date 16:50 19-05-2018

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 19-ին ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Կարճատև առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Խորհրդարանի նախագահը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և կարևորել նրա առաջին այցը Արցախ՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական օրակարգի հերթական քննարկման և առկա մարտահրավերների շուրջ համահայկական ներուժը կենտրոնացնելու տեսանկյունից: «Մաղթում եմ, որ առաջիկա տարիներին արտաքին քաղաղաքական օրակարգում ամրապնդվեն այն հաջողությունները, որ ձեռք ենք բերել, և նախանշվեն նոր ուղղություններով մեր անելիքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտաքին գործերի նախարարը նշել է. «Ինձ համար շատ էական է այս նոր կարգավիճակում ստանալ ձեր պատգամը և շարունակել այն աշխատանքը, որ այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միասին կառուցել են համազգային նպատակներն առաջ տանելու համար»: Կողմերը մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունների և Արցախում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների, միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև համահայկական օրակարգի այլ հարցերում Սփյուռքի դերի, տարբեր երկրների հետ Արցախի համագործակցության և այլ հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է պետականաշինության բնագավառում Արցախի Հանրապետության հաջողությունները միջազգային հանրությանը հասանելի դարձնելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:

Նմանատիպ նյութեր