211652_close_icon
views-count3049 դիտում article-date 17:38 30-05-2018

Համակարգում պատասխանատվությունը պետք է առաջնային լինի. աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ԱԻՆ-ում

Մայիսի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվեցին նախարարության գերակա խնդիրներն ու առաջնային լուծում պահանջող հարցերը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը զեկուցեց հունիս ամսին մայրաքաղաքում և մարզերում նախատեսվող ուսումնական վարժանքների մասին, անդրադարձավ անտառային հրդեհների կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև՝ փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստվածության քննություններին: Նախարար Հ. Ռոստոմյանը կրկին անդրադարձավ ՓԾ կառուցվածքային փոփոխությունների ու համազգեստի որակի բարելավման և անձնակազմի անխափան ապահովման խնդրին՝ հանձնարարելով ծառայության ժամանակավոր պաշտոնակատարին խստագույնս հետևողական լինել հանձնարարականներին և 10-օրյա ժամկետում ներկայացնել ստորաբաժանաման կառուցվածքային փոփոխությունների առաջարկությունները: Անդրադառնալով Տավուշ կատարած այցին՝ նախարարը նշեց, որ մարզային փրկարարական վարչությունում առկա էին մի շարք թերություններ և հանձնարարեց գնդապետ Հ. Եմիշյանին սեղմ ժամկետներում շտկել առկա բացերը: Հ. Եմիշյանը նշեց, որ ընթացքի մեջ են փրկարարներին համապատասխան հանդերձանքով ապահովելու աշխատանքները, արդեն եղել են հանդիպումներ մրցույթը շահած ընկերությունների ներկայացուցիների հետ: Այսուհետ առաջնային է լինելու հանդերձանքի որակը, որը, ըստ նախարարաի հանձնարարականի, պետք է համապատասխանի փրկարարների կողմից իրականացվող տեխնիկական աշխատանքներին: Նախարար Հ. Ռոստոմյանն անդրադարձավ նաև փրկարար ծառայության արագ և արդյունավետ արձագանքմանը, նշեց, որ արդեն մեկնարկած դեմոնոպոլիզացիան շարունակական բնույթ է կրելու. - Մեր գործողությունների մեջ տնտեսվարող դաշտը պետք է բաց լինի: Պետք է կիրառենք ժամանակակից տեխնոլոգիական բոլոր առաջարկությունները, բարելավենք աշխատանքային գործընթացը: ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկվարի ժ/պ Վահագն Օհանյանը զեկուցեց, որ հանդիպումներ են եղել ներդրողների հետ, որոնք պատրաստ են առաջարկվող ոլորտներում կատարել անհրաժեշտ ներդրումներ: Վ. Օհանյանը նաև նշեց, որ հստակեցվում է սպայական կոչումների ու պարգևների շնորհման կարգը: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանն իր զեկույցում նշեց, որ շարունակվում են խոշոր սուպերմարկետներում հրդեհային անվտանգության ստուգումները, իրականացվում են հետազոտություններ, ինչպես նաև՝ ընթացքի մեջ է 15 հետաքննություն: Նախարար Հ. Ռոստոմայնը հորդորեց ստուգումներ իրականացնել անխտիր բոլոր օբյեկտներում և նշեց. - Պետք է հասկանալ, որ Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը տնտեսական դահիճ չէ: Այն հնարավոր վտանգի կանխարգելման ու հրդեհների նվազեցմանն ուղղված խնդիրներ է լուծում: Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և վարչության պետերին: Նախարարը հանձնարարեց սեղմ ժամկետներում ներկայացնել ՀՀ ԱԻ նախարարության առաջիկա տարիների ծրագրերը, խստորեն հետևել կատարողական կարգապահությանը: Անդրադառնալով համակարգի անձնակազմի համալրմանը՝ նախարարը կրկին շեշտեց, որ կադրային քաղաքականությունը ենթարկվելու է փոփոխության, որի արդյունքում համակարգում աշխատանքի են ընդունվելու նախևառաջ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գերազանց ավարտած ուսանողները: Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարար Հ. Ռոստոմյանը հիշեցրեց. - ՀՀ ԱԻ համակարգում որևէ մեկը չի կարող աշխատել խախտումներով: Պատասխանատվությունը պետք է առաջնային լինի:

Նմանատիպ նյութեր