Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի ընտրություններին․ Մադրիդյան ծուղակը չկա․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվականի Արցախի նախագահի ընտրությանը: Այդպիսով Բակո Սահակյանը որոշակի գիծ է քաշում ոչ միայն արցախյան վերջին օրերի հայտնի զարգացումների գործընթացում, այլ, ըստ էության, նաև տալիս է նոր գործընթացի մեկնարկ՝ նախագահական ընտրությունների դե ֆակտո նախընտրական գործընթացի: Միևնույն ժամանակ, սրանով նաև յուրօրինակ ամբողջացում է ստանում հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որը կարծես թե գերթավշյա ընթացքով հասավ և արտահայտվեց Արցախում՝ բերելով հետաքրքիր վերափոխումների:
Հատկանշական է, որ Բակո Սահակյանի հայտարարությունը հնչում է տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցի շեմին, որոնք, փաստորեն, ծանոթանալու են Հայաստանի նոր ռազմաքաղաքական ղեկավարությանը: Միաժամանակ, տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումը Պուտինին, որից առաջ Փաշինյանը հայտարարել է հայ-ռուսական հարաբերության նոր շրջափուլի մասին՝ ընդունելով Հայաստանում ՌԴ նոր դեսպանին:
Ըստ էության՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները փաստացի իրականացնում են ուշագրավ տրանսֆորմացիոն գործընթաց՝ կա´մ համաձայնեցված, կա´մ պարզապես հանգամանքների բերումով, և դա մի գործընթաց է, որը կարող է նշանակել կամ պարունակել ոչ միայն անցում մի իշխանությունից մյուսը, կամ իշխանության մեկից մյուսին անցում, այլ նաև անցում արցախյան կարգավորման մի ռազմավարությունից մեկ այլ, նոր և անվտանգության ներկայիս հրամայականներին ավելի համարժեք ռազմավարության, որում չկա Մադրիդյան սկզբունքների ծուղակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]