4314 դիտում
22:38 20-06-2018
Վարչապետն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերություններում իր մեծ դերն ունի խորհրդարանական դիվանագիտությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև երկկողմ համագործակցությունը կշարունակի խորանալ:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի ու այդ համատեքստում կարևորել միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և հավելել, որ այն նպաստում է նաև ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:
Ժակ Մարիլոսյանն ուրախությամբ է նշել, որ Հայաստանում գտնվելու արդեն առաջին իսկ օրը զգացել են մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունների շունչը, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Ըստ նրա, այդ մասին են վկայել նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆրանսիացի խորհրդարանականները տեղեկացրել են, որ ֆրանսիական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ հաշվի առնելով նաև մեր երկրի միջոցով ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:
«Համոզված եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները ֆրանսիական նոր ներդրումներ կբերեն Հայաստան: Օտարերկրյա որևէ ներդրող մեր երկրում որևէ խնդիր չպետք է ունենա և պետք է գործի հավասար դաշտում:
Գիտակցում ենք այն մեծ պատասխանատվությունը, որն ստանձնել ենք ժողովրդի առաջ ու այդ առումով ակնկալում ենք նաև մեր արտաքին գործընկերների աջակցությունը, որոնք շահագրգռված են Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության զարգացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ գործընկերների թվում է նաև Ֆրանսիան: Կառավարության ղեկավարն անդրադառնալով աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ վստահություն է հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ֆրանսիական պատվիրակության անդամների խնդրանքով վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային, մաքսային վարչարարության պարզեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերին:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետն ընդգծել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և շեշտել համապատասխան մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3360 դիտում
16:52 20-06-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը
1065 դիտում
15:33 28-10-2022
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին