2711 դիտում
15:56 29-06-2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ջանքերի համար:
Կարեւորելով երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը` Արա Բաբլոյանն ընդգծել է, որ հայ-շվեդական հարաբերություններում մեծ դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը: Նա հույս է հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ երկկողմ փոխգործակցությունը շարունակական կլինի:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել խորացման համար:
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության լուծման հարցում Շվեդիայի հավասարակշռված դիրքորոշումը:
ԱԺ նախագահը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնմանը:
Մարտինա Քուիկը, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, եւս կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Նա նշել է, որ Շվեդիան արժեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին` նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության հետագա խորացումը դրական ազդեցություն կունենա երկրի զարգացման հարցում:
Զրուցակիցներն անդրադարձել են գիտակրթական, մշակութային եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցությանը:
Արա Բաբլոյանը Մարտինա Քուիկին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում:
Նմանատիպ նյութեր
4591 դիտում
18:50 15-05-2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին
7212 դիտում
13:41 09-06-2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան