6265 դիտում
08:53 30-06-2018
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ պետքարտուղար Փոմփեոն հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ․ «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:
«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Միացյալ Նահանգների հետ առևտրի և ներդրումների ավելացումը, ինչպես նաև Սմիթսոնիան փառատոնը: Նախագահը նաև կիսելու է պետքարտուղարի հետ Հայաստանի նոր շրջանի իր տեսլականը», - [url=https://www.amerikayidzayn.com/a/4460856.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը:
«Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան «թավշյա հեղափոխությունից» հետո իր առաջին հանդիպումն անց կացնում նախագահ Սարգսյանի հետ, մինչդեռ, Երեւանի արտաքին քաղաքականությունն ըստ Սահմանադրության իրականացնում է վարչապետ Փաշինյանի կառավարությունը, դեսպան Միլզը պատասխանեց.
«Կարծում եմ, երկրի ղեկավարի համար տեղին է հնարավորություն ունենալ հանդիպել պետքարտուղարի հետ: Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել, թե ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում և խոսել այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանին: Մասնավորապես, կարծում եմ, խոսքը գնացել է առևտրի և ներդրումների մասին, ինչով, որքան հասկանում եմ, նախագահին իր սահմանադրական դերում խնդրել էին զբաղվել՝ արտաքին ներդրումներ հայթայթելով և աշխատելով Սփյուռքի հետ»:
Դեսպանի խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը նոր ներդրումներ գտնելու գործում: Հիմնական աշխատանքն այս ոլորտում Ռիչարդ Միլզի խոսքով կառավարությունն արդեն անում է պայքարելով երկրում կոռուպցիայի դեմ և ստեղծելով արդար դաշտ բոլոր գործարարների համար:
«Անցած երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու նաև Հայաստանի գործարարներից ես բազմիցս լսել եմ, որ երկրում գործարարության զարգացման հիմնական խոչընդոտը Հայաստանում արդար խաղի կանոնների բացակայությունն է, և որ համակարգը որոշ մարդկանց առավելություններ էր տալիս»:
Հայաստանի նոր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ կոշտ պայքարն, ըստ դեսպանի, ուժեղ և դրական ազդանշան է գործարարների համար, սակայն, տևական փոփոխությունների համար անհրաժեշտ է ապահովել օրենքների և դրանք պահպանող կառույցների հզորությունը: Այս առումով Ռիչարդ Միլզը կարևորում է նաև Հայաստանում ազատ և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Անդրադառնալով գարնանը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»՝ ԱՄՆ-ի դեսպանն ընդգծեց՝ ամենակարևորը, որ դա հայ ժողովրդի ինքնուրույն որոշումն էր.
«Դա հայեր էին, ովքեր դուրս եկան փողոց՝ պահանջելով ավելի թափանցիկ և արդարացի հասարակություն: Այդ խաղաղ պահանջը շատ տպավորիչ էր: Պետք է նշեմ, որ սա լիարժեք հայ ժողովրդի քայլն էր: Կարծում եմ, այն հնարավոր եղավ նաև, որովհետև ԱՄՆ-ի և Հայաստանի վերջին 20 տարիների համագործակցության արդյունքում զարգացան և հզորացան հենց այն ձայները, որոնք աջակցում էին թափանցիկությունն ու հաշվետվությունը»:
Նմանատիպ նյութեր
5952 դիտում
08:31 19-06-2018
Կոնգրեսականները կոչ են արել պետքարտուղար Փոմփեոյին զգալի աջակցել Հայաստանին. «Ամերիկայի ձայն»
2917 դիտում
09:42 24-04-2020
Փոմփեոն մեղադրում է Չինաստանին ու ԱՀԿ-ին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
436 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
457 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1066 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN