211652_close_icon
views-count2750 դիտում article-date 22:58 03-07-2018

ԱԻՆ-ում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջգերատեսչական նիստ է անցկացվել

Հուլիսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետների դիմակայունության օր» միջոցառման կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը: Հաձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Նիստը վարում էր ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Քննարկման ընթացքում նախարար Ռոստոմյանն իր խոսքում մասնավորապես նշեց. -Սպիտակի աղետալի երկրաշարժից դասեր քաղեցինք ոչ միայն մենք, այլ նաև ողջ աշխարհը: Անմեղ զոհերի հիշատակը հարգելու հետ մեկտեղ, 30 տարի անց մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ Սպիտակի երկրաշարժի պատճառ դարձած սխալները, այլևս երբեք չկրկնվեն: Այս տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը պետք է հիշատակվի «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո, աղետների ռիսկի նվազեցման ոլորտում մեր գլխավոր խնդիրն այսուհետ կանխարգելումն է և բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Քննարկման սկզբում աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրեցին միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ու առկա խնդիրները: Ներկայացվեցին աղետներին դիմակայունության վարժանքների և հարակից միջոցառումների, հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում տարահանման ուսումնավարժությունների, մարզերում անցկացվելիք տակտիկական և ցուցադրական վարժանքների հետ կապված մանրամասներ, ինչպես նաև՝ գիտական համաժողովի կազմակերպման հարցերը: Վերոնշյալ արշավի շրջանակում նախատեսվում է Գյումրիում անցկացնել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ, որին ներկա կլինեն նաև օտարերկրյա դիտորդներ: Լսելով համայնքների ղեկավարների զեկույցները՝ նախարար Հ. Ռոստոմյանն առաջարկեց ներկաներին հնարավորինս խթանել երկրաշարժից տուժած բնակավայրերի մասնակցությունը միջոցառումներին և ակտիվացնել համագործակցությունը նրանց հետ: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին որոշվեց լրացնել աշխատանքային պլաններում բացթողումներն ու հաշվի առնել նոր առաջարկությունները՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր