211652_close_icon
views-count1056 դիտում article-date 15:48 24-12-2015

ՍՊԾ-ն ամփոփում է Սպիտակի երկրաշարժի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության հիմնական գործառույթներից է բնակչության ամենատարբեր խավերի ուսուցանումը սեյսմապաշտպանության վարքականոններին: ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալությունը և ՍՊԾ համակարգի բոլոր տարածքային ծառայությունները՝ ՊՈԱԿ-ները Սպիտակի 1988թ. աղետալի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպել Երևանում, ՀՀ մարզերում և համայնքներում, մանկապարտեզներում, դպրոցներում ու ԲՈւՀ-երում, հիմնարկ-ձեռնարկություններում: Անցկացվել են դասախոսություններ, ուսումնական տագնապ-տարհանումներ, վիկտորինաներ, խաղեր: Մեծ միջոցառում ենք կազմակերպել «Ուսում» հանրակրթական դպրոցում և Երևանի պետական մանկավարժական համալսարանում: Միջոցառումներ են կազմակերպվել և անցկացվել նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում: Հյուրընկալել ենք Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի, թիվ 181 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին: Հանրապետական և մարզային հեռուստաալիքներով կազմակերպվել են հաղորդումներ, ելույթներ և հարցազրույցներ՝ նվիրված Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերին: Տպագրվել են հոդվածներ: ԶԼՄ- ներին տրամադրվել են սեյսմապաշտպանական թեմաներով նյութեր՝ եթեր հեռարձակելու համար: ՍՊ Հյուսիսային ծառայության մասնագետները կազմակերպել և անցկացրել են համատեղ նիստ Վանաձորի և Ստեփանավանի քաղաքապետարանների աշխատակիցների հետ` «Ինչպիսին է մեր սեյսմիկ պաշտպանվածությունը» թեմայով: Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի դպրոցների աշակերտներին տրվել են «Երկրաշարժից պաշտպանվելու անհատական վարքականոնները» վերնագրով գունավոր պաստառներ: Անցկացվել է երկրաշարժի թեմայով շարադրությունների և նկարների մրցույթ, որի ամփոփումից հետո նախատեսվում է պատրաստել պաստառ լավագույն նկարներով: ՍՊ Հյուսիսային ծառայությունում հայտարարվել էր «Բաց դռների օր» և «Թեժ գիծ» կապ, որի ժամանակ առանցքային մասնագետները պատասխանել են բնակչությանը հուզող հարցերին, կազմակերպվել էին շրջայցեր: Գյումրիում կատարվել է պսակադրության արարողություն «Երկրաշարժի զոհերի և գթասրտության» հուշարձանի մոտ: ՍՊ Արևելյան ծառայության մասնագետները Ստեփանակերտի թվով 5 հիմնական դպրոցներում անցկացրել են «Դիմագրավենք բնության արհավիրքին» թեմայով միջոցառումներ: Մարտակերտի թիվ 2 հիմնական դպրոցում աշակերտների և ուսուցիչների համար ներկայացվել է «Սպիտակի երկրաշարժը և նրա դասերը» թեմայով զեկույց: Աշակերտներին տրամադրել են բնական աղետների վերաբերյալ պաստառներ, գրքեր, ձեռնարկներ, բրոշյուրներ: Մի շարք դպրոցներում, համագործակցելով զինղեկների հետ, ստեղծվել են «Աղետների ռիսկի նվազեցման» անկյուններ: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ, որին կմասնակցեն նաև ԼՂՀ մայրաքաղաքի ու շրջկենտրոնների մյուս դպրոցները: ՍՊ Հարավային ծառայության մասնագետները ուսուցողական ծրագրերով դասընթացներ են անցկացրել Կապան, Քաջարան և Գորիս քաղաքների հանրակրթական դպրոցներում ու հիմնարկ-ձեռնարկություններում: Կապան քաղաքում տեղակայված Հարավային ծառայության կենտրոնական կայանում կազմակերպվել էր ցուցահանդես «Սպիտակի աղետալի երկրաշարժը» և «Երկրաշարժը երեխաների աչքերով» խորագրով: Ծառայություն են այցելել Կապանի դպրոցականներն ու ուսուցչական անձնակազմը, ինչպես նաև «Իրազեկ դպրոցական» խմբի մասնակիցները: ՍՊ Արևմտյան ծառայության աշխատակիցները զեկույցներ են ներկայացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների, Արագածոտնի մարզում` Ապարանի քաղաքապետարանների, Արագածի գյուղապետարանի, Վայոց ձորի մարզում` Ջերմուկի քաղաքապետարանի և Եղեգնաձոր քաղաքի հանրային գրադարանի աշխատողների համար: Ագարակաձոր գյուղի Յու. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվել է ուսումնական տագնապ-վարժանք, որի ժամանակ աչքի ընկան երեխաների գիտելիքները և գերազանց արդյունքը: Միջոցառումներ են անցկացվել նաև Երևանի Գ. Չաուշի անվան թիվ 188 և Յո. Լեփսիուսի անվան թիվ 88 հիմնական դպրոցներում: Գառնի գյուղի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցում իրականացվել է «Եթե երկրաշարժ լինի, ապա ի՞նչ պետք է անենք ես և ընկերներս» թեմայով սոցիալ-հոգեբանական աշխատանք, որի նպատակն էր բարձրացնել երկրաշարժին դիմակայելու իմացական-հոգեբանական պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև հետազոտել սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման արդյունավետությունը և այդ գիտելիքները կիրառելու կարողության հնարավոր մակարդակը: Բնակչության իրազեկված և պատրաստված լինելը մեծապես նպաստում է սեյսմիկ ռիսկի նվազեցմանը: Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման առաջին իսկ օրերից այս հիմնախնդիրը մշտապես եղել և մնում է ծառայության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Նմանատիպ նյութեր