211652_close_icon
views-count6685 դիտում article-date 23:50 03-07-2018

Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցում, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Զեյնալյանը շրջել է նաև լսարաններով, որտեղ այդ պահին ընթանում էին քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման, ինչպես նաև դատական կարգադրիչների վերապատրաստման դասընթացները: Շրջայցին հաջորդած աշխատանքային հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը հետարքրվել է Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցերով, ուսուցման ծրագրերով, ուսումնական գործընթացով: Ռեկտորի հետ զրույցում նախարարն անդրադարձել է նաև Ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենքի լրամշակմանը, քննական հանձնաժողովների կազմերի համալրման անհրաժեշտությանը և այլ հարցերի: Նախարար Զեյնալյանը նույն օրն այցելել է նաև ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Արտաշես Սուչյանն ու բաժինների պետերը նախարարին ներկայացրել են կառույցի գործունեությունը, փորձաքննությունների կատարման պայմանները, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակը: Նախարարը կարևորել է լաբորատոր սարքավորումների արդիականացման, ինչպես նաև փորձագետների աշխատանքի նյութական և սոցիալական երաշխիքների ապահովման հարցերը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղած հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր