211652_close_icon
views-count5615 դիտում article-date 18:08 04-07-2018

Սփյուռքի նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

Հուլիսի 4-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպանին՝ նախարարը շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը արդեն հանդես է եկել ծրագրով, որտեղ սահմանել է իր առաջնահերթությունները և խիստ կարևորել է հայ-իրանական հարաբերությունները: «Մենք առավել քան վստահ ենք, որ երկկողմ հարաբերությունների զարգացման չափազանց մեծ ներուժ կա բոլոր ուղղություններով, հատկապես՝ տնտեսական համագործակցության առումով: Նոր Հայաստանը պատրաստ է նոր որակի հարաբերություններ կառուցել՝ փոխվստահության մթնոլորտում: Այս իմաստով շատ կարևոր է հայկական համայնքի հարյուրամյակների գոյությունը իրանական հողում, որը երկու երկրների դարավոր բարեկամության երաշխիքն է», - հավելեց Մխիթար Հայրապետյանը՝ կարևորելով երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը: Իրանի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ողջունեց թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում և նշեց. «Որախ եմ հանդիպել ակտիվ գործունյա երիտասարդ նախարարի հետ, ով մեծ ցանկություն ունի աշխատել ի բարօրություն իր ժողովրդի ու հայրենիքի»: Դեսպան Սաջադին ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքի իր տեսլականը և առաջարկությունները և վստահություն հայտնեց, որ համագործակցության շրջանակները նոր Հայաստանում ավելի կընդլայնվեն ու գործնական կդառնան:

Նմանատիպ նյութեր