3712 դիտում
18:05 05-07-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, Հանրապետության նախագահը դիտել է Հայաստանի Սահմանադրություններին եւ պետական խորհրդանիշներին նվիրված ցուցահանդեսը, մասնակցել է հանդիսավոր ընդունելությանը եւ կտրել է տոնական տորթը:
Իր շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանն ասել է.
«Այսօր Սահմանադրության օրն է: Միեւնույն ժամանակ, այսօր մենք նշում ենք նաեւ պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական ու կարեւոր է դարձնում այսօրվա խորհուրդը: Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը եւ պատշաճ արժեւորումը կարեւոր նշանակություն ունեն երկրի այսօրվա եւ վաղվա օրվա համար:
Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ եւ, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է:
Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը որպես մեր անկախության եւ հետագա զարգացման երաշխիք, ամրագրում է իրավունքի գերակայության, օրինականության, արդարության եւ ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը մեր երկրում:
Վերջին շրջանում պետականաշինության մեջ կատարվող քայլերը նույնպես հենվում են երկրի հիմնական օրենքի այդ տրամաբանության վրա:
Սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել ոչ միայն ինքնիշխան, զարգացող, ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության աներկբա գոյության փաստը, այլեւ միջազգային ասպարեզում նրա աճող վարկանիշի առկայությունը:
Այն շարունակաբար բարձրացնելը բոլորիս իրավունքն ու պարտականությունն է, եւ առհասարակ մեր բարոյական պարտքն է հայրենիքի հանդեպ:
Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում. երբ մեզանից յուրաքանչյուրն իր ներսում այդ արժեքների կրողը լինի:
Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է:
Այն, ըստ էության, զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը, որին ենթակա են նաեւ մեր բարոյական օրենքները:
Պետք է մտածել ու գործել ի շահ երկրի, օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից եւ պաշտպանել Սահմանադրությունը:
Ու այդժամ, երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին` ավելի վստահ, երկրի իշխանությունը` ավելի պատասխանատու եւ ավելի վստահելի:
Սահմանադրությունը եւ ժողովրդի կամքը փոխկապակցված են իրար: Այսօր ժողովուրդն է իր կյանքի, պետության զարգացման օրակարգի լիարժեք ձևավորողը:
Այդ օրակարգը պետք է զերծ լինի զգացմունքի գերակայությունից եւ կյանքի կոչվի Սահմանադրության նկատմամբ հարգանքի հենքի վրա` որպես ազատ, ժողովրդավարական եւ ուժեղ Հայաստանի գրավական:
Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու եւ իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստանը:
Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Որովհետեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն եւ պարտականություն է, այլ` ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց եւ այլոց իրավունքների արժեքը:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ բարեկեցություն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
14855 դիտում
12:53 04-09-2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22411 դիտում
21:31 07-10-2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին
1790 դիտում
16:34 12-01-2021
Արթուր Դավթյանը մասնակցում է ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ