2702 դիտում
21:35 10-07-2018
Ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող երիտասարդները չեն կարող Հայաստանում զինծառայության անցնել. Գաբրիել Բալայան
Ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող երիտասարդները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում, այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
«ՀՀ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով: Այս պարտավորությունները բացառապես մեր քաղաքացիների համար են, քանի որ ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացողները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում»,- նշեց Բալայանը և հավելեց, որ օրենքով դա արգելվում է:
Անդրադառնալով այն հարցին, որ այդ տղաներն, այնուամենայնիվ, ցանկանում են ծառայել և դիմում են ներկայացնում, ՀՀ ՊՆ տեղակալն ընդգծեց, որ իրենք պարտադիր պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն:
«ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, տղաները պետք է անցնեն բոլոր փորձաքննությունները, որոնք կատարվում են՝ սկսած զինկոմիսարիատի օղակներից: Այդ պարագայում, համապատասխան հանձնաժողովը եզրակացություն կկայացնի նրանց զորակոչելու վերաբերյալ»,- ասաց Գաբրիել Բալայանը:
Նրա պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիությունը ոչ միայն պայման է, այլև առաջնային նախապայման՝ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու համար:
«Եթե տվյալ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, ապա նա ենթակա է զորակոչման ՀՀ զինված ուժերում»,- շեշտեց ՀՀ պաշտպանության փոխնախարարը:
Եզրափակելով խոսքը՝ նա նկատեց, եթե անձը հանդիսացել է այլ երկրի քաղաքացի, դրանից հետո ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, ապա համապատասխան փաստաթղթերով հիմնավորվելու դեպքում, որ անձն առնվազն 12 ամիս ծառայություն է անցել օտար երկրի ԶՈւ-ում, ազատվում է Հայաստանում ծառայելու պարտավորությունից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»