4545 դիտում
21:29 17-07-2018
Փաշինյանը հանձնարարել է գույքագրել էներգետիկայի ոլորտում առկա կասկածելի, խնդրահարույց բոլոր պարտավորությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը:
«Էներգետիկ համակարգը և նրա նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, ժամանակակից աշխարհում էներգետիկան մեծ վերափոխումներ է ապրում և մենք պետք է կարողանանք հստակ հասկանալ ու գնահատել մեր անելիքներն այդ վերափոխումների մեջ և դրանց համատեքստում, որպեսզի մեր էներգետիկ համակարգը բալանսավորման և ռազմավարական հեռանկարի առումով համապատասխանեցնենք ժամանակակից չափանիշներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը զեկուցել է, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի գործունեության ժամկետի երկարաձգման աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, առանց ժամկետի խախտման: Բացի այդ, օգոստոսի մեկին կավարտվեն նաև ՀԱԷԿ-ի ընթացիկ պլանային վերանորոգման աշխատանքները և այն կվերագործարկվի: Խորհրդակցության ընթացքում կարևորվել է մեր երկրում միջուկային էներգետիկայի հետագա զարգացումը՝ հաշվի առնելով էներգետիկ անվտանգության մակարդակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև միջուկային վառելիքի թափոնների պահպանմանն ու հետագա վերամշակմանն ուղղված հարցեր:
Այնուհետև վարչապետին են ներկայացվել Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը, վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները, հիդրոէներգետիկայի ոլորտում առկա իրավիճակն ու հնարավոր ծրագրերը: Նշվել է, որ հատկապես արևային էներգետիկայի ոլորտում տեղի են ունենում դրական զարգացումներ, մի շարք ներդրողներ ներկայացրել են ներդրումային ծրագրեր իրականացնելու հայտեր: Ավարտվել է նաև Մասրիկ-1 55 ՄՎ արեւային կայանի կառուցման ծրագրի ներդրողների մրցույթը, որում ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V եւ իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը և ճանաչվել հաղթող: Նախարար Գրիգորյանը զեկուցել է, որ առաջիկա օրերին նշված ընկերության ներկայացուցիչները կժամանեն Երևան՝ կայանի կառուցման պայմանագիրը ստորագրելու նպատակով:
Վարչապետը ողջունել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, միաժամանակ, անդրադարձել հիդրոէներգետիկայի բնագավառին և հավելել. «Ծրագրերի շրջանակում պետք է բացառել մի իրավիճակ, երբ ազդակիր համայնքների կարծիքը շրջանցելով որևէ գործողություն է արվում: Դա պետք է ուղղակի բացառել: Եթե նախագիծը լավն է, պետք է կարողանան մարդկանց համոզել, որ այն լավն է: Այստեղ պետք է վճռական նշանակություն ունենա համայնքների տեսակետը: Սա վերաբերում է ոչ միայն էներգետիկ համակարգին, այլ ընդհանրապես ցանկացած նախագծի իրագործմանը: Ի վերջո, պետք է հաշվի առնվեն ազդակիր համայնքների շահերը»:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գույքագրել էներգետիկայի ոլորտում առկա կասկածելի, խնդրահարույց բոլոր պարտավորությունները և քայլեր ձեռնարկել դրանց կարգավորման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
3240 դիտում
19:45 01-08-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել քաղաքացիների կրած վնասները
7028 դիտում
15:27 05-10-2017
Վարչապետը հանձնարարել է գույքագրել ՃՏՊ-ների հետևանքով վնասված ճանապարհային կահավորանքը
Այս բաժնից
694 դիտում
13:55 30-10-2024
Ափսոսանք եմ հայտնում ԱԺ-ում տեղի ունեցածի համար, հանրությունից պատրաստ եմ ներողություն խնդրել. Քյարամյան
697 դիտում
13:29 30-10-2024
Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց. ոստիկանություն