Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ևս մեկ հանդիպում անցկացնել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ «անհամբերությամբ է սպասում» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ հանդիպմանը՝ «սկսելու իրագործել» այն հարցերը, որ քննարկել են այս շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին ամերիկացի ղեկավարը գրառել է թվիթերյան էջում:
Ինչպես նկատում է [url=https://edition.cnn.com/2018/07/19/politics/donald-trump-vladimir-putin-summit/index.html]CNN[/url]-ը, Թրամփի հասցեին բազմաթիվ քննադատական տեքստեր են հրապարակվել Պուտինի հետ հանդիպումից հետո։
Թվիթերյան գրառման մեջ, սակայն, Թրամփը շեշտել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը հաջող է անցել:
«Գագաթնաժողովը Ռուսաստանի հետ մեծ հաջողությամբ է պսակվել՝ չհաշված ժողովրդի իրական թշնամուն՝ կեղծ լրատվամիջոցներին: Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրորդ հանդիպմանը, որպեսզի սկսենք քննարկված բազմաթիվ հարցերից ոորոշների իրագործումը, այդ թվում՝ ահաբեկչության, Իսրայելի անվտանգության, միջուկային զենքի տարածման, կիբերհարձակումների, առևտրի, Ուկրաինայի, Միջին Արևելքի խաղաղության, Հյուսիսային Կորեայի և շատ այլ հարցեր»,- գրել է Թրամփը սոցցանցում:
Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հանդիպել են հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում, որի ավարտին երկու կողմն էլ հանդիպումը արդյունավետ է գնահատել: