88073 դիտում
17:58 24-07-2018
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. կամրջի բետոնե հատվածին բախված Opel-ում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետը, դատախազն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 5րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 NQ 574 համարանիշի ավտոմեքենան բախվել է կամրջակի բետոնե սյանը, ավտոմեքենայում էլ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Էվելինա Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղաքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ օպերատիվորեն ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Մարզպետ Վարդանյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ՝ վարորդի նստատեղում, հայտնաբերել են 45-50 տարեկան տղամարդու դի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ հնարավոր է՝ վարորդը սրտի կաթված է ստացել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Անտոնյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Փրկարարները ավտոմեքենայի միջից դուրս բերեցին դին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+