211652_close_icon
views-count7184 դիտում article-date 11:54 30-07-2018

Արցախի «Հայրենիք» խմբակցության ղեկավարը հույս է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը կընթանա օրենքի տառին համապատասխան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը կընթանա ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տառին ու ոգուն համահունչ, և ամեն ինչ ժամանակի ընթացքում կպարզվի: «[url=https://artsakhpress.am/arm/news/90742/marti-1-i-verjnakan-iravakan-gnahatakany-petq-e-trvi-isk-mexavornery-pataskhan-tan-artur-tovmasyan.html]Արցախպրես[/url]»-ի հետ զրույցում Արթուր Թովմասյանը նշեց, որ լսելով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին՝ ցավ է ապրել: «Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նա Արցախի Հանրապետության նախագահն էր, իսկ ես՝ Ազգային ժողովի նախագահը: Մեր համատեղ աշխատանքը եղել է բարդ, բայց արդյունավետ»,- ընդգծել է Արթուր Թովմասյանը: «Ազատ հայրենիք» կուսակցության անդամների գերակշիռ մասը և հատկապես ղեկավար կազմը, վստահելով ՀՀ արդարադատության այսօրվա համակարգին, համոզված է, որ դատական գործընթացն ընթանալու է ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում: «Մենք հավատացած ենք, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր պայքարել ապօրինությունների դեմ: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված մեղադրանքին, դրա հավաստիությունն ու արդարացիությունը մենք չենք կարող գնահատել, դա դատարանի բացառիկ գործառույթն է, սակայն ակնկալում ենք, որ ողջ գործընթացը կընթանա առավելագույն թափանցիկության և արհեստավարժության պայմաններում, որպեսզի արդարադատությունն ու հանրային լայն վստահությունը գործընթացի հանդեպ չտուժեն»,- նշեց նա: Պատգամավորի խոսքով, պետք է շեշտադրել, որ մարտի մեկի դեպքերի համակողմանի ու անաչառ հետաքննության հարցում Արցախի բնակչությունը, իշխանությունները և իրենց կուսակցությունն առնվազն նույնչափ շահագրգռված են, որչափ ՀՀ իշխանություններն ու յուրաքանչյուր քաղաքացի: «Մարտի 1-ը մեր ազգի նորօրյա պատմության ամենասև էջերից մեկն է, խարազան հայոց պետականության վրա, որի վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան: Դա ինքնանպատակ ու հուզականացված գործընթաց չպետք է լինի, այլ պետք է նպատակաուղղված լինի արդարության վերականգնմանը և ապագայում նմանատիպ սև էջերի բացառմանը: Մեզ համար խիստ կարևոր հարց է նաև այն, որ այս գործընթացը չվերաճի հայության մեջ տարանջատման նոր ալիքի, ինչի միտումն արդեն նկատվում է սոցիալական ցանցերում: «Ղարաբաղցի-հայաստանցի» կամ մեկ այլ արհեստական անջրպետ չի բխում մեր համազգային արժեքներից ու շահերից, ուստի բոլորին կոչ ենք անում առավելագույնս սթափ ու զգույշ լինել այս հարցում և չտրվել հնարավոր շահարկումներին, քանզի իրավունք չունենք խաթարել հայության միասնականությունը պատմության այս վճռական փուլում: Վստահ եմ, որ տարանջատման ու ատելության փոս փորողները մի օր ընկնելու են իրենց իսկ փորած փոսը»,- հավելել է Արթուր Թովմասյանը: Հուլիսի 28-ին դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նմանատիպ նյութեր