4923 դիտում
16:30 30-07-2018
Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք. վարչապետ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական մենաշնորհների վերաբերյալ քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր:
«Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես մենաշնորհ, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ: Մեր տնտեսական քաղաքականությունը հետևյալն է. մենք մտադիր ենք Հայաստանում հաստատել ներառող տնտեսական համակարգ: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ արձանագրում ենք իրողություն, ըստ որի՝ մինչև տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանում վարչական որոշումներով իրականացվել է որոշակի տնտեսական գործունեություն, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում էական չէ, և այդ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունները բաշխված են եղել սահմանափակ թվով մարդկանց միջև:
Ներառող տնտեսական համակարգ ասելով մենք նկատի ենք ունենում այն, որ նախկինում այդ ոլորտնեում ընդգրկված մարդիկ ոչ թե չպետք է այլևս հնարավորություն ունենան տվյալ ոլորտներում ծավալելու գործունեություն, այլ հակառակը, գործունեության այն հատվածը, որոնք նրանց վերապահվել են իշխանական որոշումներով, պետք է, այսպես ասած, ազատականացվի և այդ մարդիկ նույնպես ու բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն՝ այդ ոլորտներում գործունեություն ծավալեն:
Իհարկե, միանշանակ է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում այսպիսի իրավիճակ ստեղծելու համար քաղաքական որևէ խոչընդոտ գոյություն չունի և քաղաքական խոչընդոտներն այլևս վերացված են, ներառող համակարգ ունենալու բոլոր պայմանները ստեղծված են: Կարծում եմ՝ մենք ժամանակ առ ժամանակ պետք է իրավիճակը մոնիթորինգի ենթարկենք՝ հասկանալու համար, թե հանրության շրջանում որպես մենաշնորհված ոլորտներ հայտնի տիրույթներում ինչ է կատարվում, արդյոք այնտեղ դե ֆակտո իրավիճակի փոփոխություն ունենք, թե՝ ոչ, և եթե չունենք իրավիճակի փոփոխություն՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի իսկապես կարողանանք ապահովել իրական տնտեսական մրցակցություն, շուկաների հասանելիություն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների, մենաշնորհային համարված շուկաներում առկա իրավիճակի մասին: Այդ առումով, ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձել է շաքարավազի, բենզինի և բանանի շուկաներում զարգացումներին:
Մասնավորապես, նա զեկուցել է, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապաահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են: Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն գինը նվազել է 16 տոկոսով:
Անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ոլորտին՝ ՏՄՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ այստեղ գործում են 3-4 խոշոր ընկերություններ և ներկա դրությամբ որևէ արգելք չկա ու ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում: Ըստ Արտակ Շաբոյանի, այս ոլորտում շուկա մուտք գործող ընկերությունների համար հիմնական խնդիրը կապված է ենթակառուցվածքների հետ՝ բենզինն ու դիզվառելիքն իրացնելու առումով: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում առկա է նաև թերլցումների խնդիր, ինչն առաջացնում է մրցակցային անհավասար պայմաններ, խնդիրներ կան նաև դիզվառելիքի ստանդարտների հետ կապված:
Անդրադառնալով բանանի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ մինչև վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության և նրան կապակցված ընկերություններին: Վերջին երկու ամիսների ընթացքում էապես ավելացել է նաև բանան ներմուծող ընկերությունների և ներմուծման խմբաքանակների թիվը: Արդյունքում՝ բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ և այսօր այն կազմում է 480 դրամ: Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է այս ոլորտում ուսումնասիրությունները՝ հնարավոր հակամրցակցային գործողությունները վեր հանելու նպատակով:
Արտակ Շաբոյանը մանրամասներ է ներկայացրել նաև խոշոր սուպերմարկետների, ԱԳԼՃԿ-ների գործունեության մասին, անդրադարձել առկա հակամրցակցային իրավիճակին և այս ոլորտներում առկա խնդիրներին:
Ներկայացված տեղեկատվության շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր առաջարկություններ՝ նաև օրենսդրական կարգավորումների միջոցով հնարավոր մենաշնորհների դեմ պայքարելու և ազատ մրցակցային պայմաններ ապահովելու վերաբերյալ: Որոշ խնդիրների, այդ թվում՝ բենզալցակայաններում և ԱԳԼՃԿ-ներում թերլցումների հետ կապված կարևորվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համապատասխան քայլերի իրականացումը:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ներկայացված առաջարկությունները ևս մեկ անգամ քննարկել, գալ կոնկրետ եզրակացությունների և արդյունքները ներկայացնել իրեն: Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք պետք է մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք, անկախ նրանից, թե ինչ գործիքով մենք դա կանենք: Մեր խնդիրն է, որ չլինեն շուկայի հասանելիության խնդիրներ ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո: Մենք հայտարարություն անելիս նախ պետք է ուսումնասիրենք՝ կարգավորումներն իրական կյանքում գործում են, թե՞ հայտարարությունները կրկին շարունակում են լինել մի հարթության մեջ, իսկ իրականությունը՝ մեկ այլ: Այստեղ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի և, ընդհանրապես, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
3701 դիտում
18:39 09-08-2021
Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել գերիշխող դիրքի չարաշահման համար. ՄՊՀ
28163 դիտում
16:52 20-05-2020
Ռազմական ոստիկանները բացահայտել են կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր