2535 դիտում
19:15 02-08-2018
Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը Հայաստանում է համախմբել 24 երկրի 120 ներկայացուցչի
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տրվել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի մեկնարկը, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 24 երկրների 120 ներկայացուցիչներ:
Համաժողովի բացմանը ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՀՀ վարչապետն իր ուղերձում շեշտել է, որ ուրախ է Հայաստանում ողջունել ազգային կրթության բոլոր պատասխանատուներին և, մասնավորապես, նշել. «Արտերկրի յուրաքանչյուր կրթօջախ ջանքեր չի խնայում հայերենի բանավոր և գրավոր խոսքը պահպանելու համար: Մեր մշակութային ինքնության պահպանումը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է և այն պահպանելու, զարգացնելու համար անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն»:
Շնորհավորելով համաժողովի մասնակիցներին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ Սփյուռքի հետ կրթական առնչությունները Հայաստան-Սփյուռք համագործակցության կարևոր բաղադրիչներից են. «Կրթության դաշտում վերարտադրվում և ձևավորվում են արժեքներ, որոնք լինելու են հայի վաղվա օրվա քաղաքական և մշակութային օրակարգի հիմքում»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովների նպատակն է քննարկել արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
Նախարարի խոսքով` խորհրդաժողովի քառօրյա աշխատանքի արդյունքում մշակված բանաձևը պետք է արտացոլի այն հիմնական ուղղությունները, որոնց իրագործմամբ հնարավոր կլինի լուծել Սփյուռքի կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և ստեղծել կայուն համագործակցության միջավայր: «Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը անցնում է մեզ համար շատ կարևոր` արժեքների վերաիմաստավորման և թավշյա հեղափոխության փուլում: Ընդ որում, հեղափոխությունը դեռ չի ավարտվել, որովհետև մենք դեռ անելու շատ գործ ունենք: Տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև կրթության համակարգում կան իներցիաներ, որոնցից մենք պետք է դուրս գանք: Սփյուռքի հետ փոխհարաբերություններում, հատկապես կրթությանն առնչվող հարցերում, մենք պետք է նոր օրակարգ ձևավորենք` նաև այս խորհրդաժողովի արդյունքներից ելնելով: Խնդիրները բազմազան են` սկսած դասավանդման մեթոդներից ու նոր ծրագրերից մինչև արևմտահայերենի խնդիր: Վստահ եմ, որ աշխատանքային կարգով կարող ենք քննարկել բոլոր հարցերը և գտնել լուծման արդյունավետ ուղիներ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
Խորհրդաժողովի մեկնարկի առիթով օրհնության գիր է հղել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղղակիորեն անդրադառնում է Արցախի վրա. «Հետևաբար, յուրաքանչյուր խոսք պետք է մեծ պատասխանատվությամբ արտաբերել, հիշելով, որ թշնամու նշանառության տակ են գտնվում Արցախի երեխաները: Արցախի դպրոցներում սովորողները պետք է ունենան համոզմունք, որ երբևէ առուծախի առարկա չի դառնա այն հողը, որի վրա իրենք ապրում են»,- նշել է Արցախի նախարարը:
Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 6-ին:
Նմանատիպ նյութեր
1952 դիտում
21:46 06-08-2014
Շարունակվում է Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը
1571 դիտում
16:18 01-08-2016
Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը
1397 դիտում
15:42 22-08-2022
Համահայկական կրթական խորհրդաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու առկա խնդիրների լուծմանը
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց