33139 դիտում
22:26 02-08-2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագիրը, վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է:
Նա հույս է հայտնել, որ հնարավորինս արագ Կարեն Ղազարյանի մասին լուր կունենան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերի արդյունքում:
Գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողները հայտնել են, որ իրենց արդեն այցելել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:
Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ղազարյանի ծնողները վարչապետի տիկնոջը փոխանցել են, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպմանը խոստացել են կապ հաստատել Կարենի հետ, սակայն դեռ չեն արել:
Վարչապետի տիկինն էլ ընդգծել է, որ այս պարագայում Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակը միջազգային ճնշումն է՝ ընդգծելով, որ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունից կախված որևէ բան լիներ:
Ղազարյանի ծնողները իրենց մտահոգությունն են հայտնել նաև այն կապակցությամբ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց որդուն ներկայացնում են որպես դիվերսանտ, ինչն արդեն հերքվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չեն համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն են:
«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էր Աշոտ Ահարոնյանը:
Նմանատիպ նյութեր
4296 դիտում
21:48 06-11-2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին
3344 դիտում
20:52 30-12-2019
Վարչապետ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի նախաշեմին այցելել են Տավուշի մարզի համայնքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1435 դիտում
21:59 29-11-2018
Դավիթ Տոնոյանն ընդունել է Ադրբեջանում բանտարկված Կարեն Ղազարյանի ծնողներին