211652_close_icon
views-count13363 դիտում article-date 18:40 18-08-2018

Արայիկ Հարությունյան. Մենք միացանք այդ հանրահավաքին, որովհետև պետք է միասնական լինել կարևորագույն հարցերի շուրջ

Արցախցիների մասնակցությունը երեկվա հանրահավաքին միտված էր «հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն»՝ անկախ երկար ճանապարհի հարուցած դժվարություններից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախկին վարչապետ, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքին: «Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքը, որին, իմ գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության ակտիվ մասնակցությամբ, Արցախից մասնակցում էր ավելի քան 1000 մարդ: Զերծ մնալով հատկապես ներքաղաքական հարցերի վերաբերյալ կատարված հայտարարություններին գնահատական տալուց՝ կանդրադառնամ միայն Արցախին վերաբերող հատվածներին: Նախ՝ պետք է արձանագրել, որ արցախցիների մասնակցությունը, այո, հենց միտված էր «հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն»՝ անկախ երկար ճանապարհի հարուցած դժվարություններից: Մենք միացանք այդ հանրահավաքին, քանի որ կարծում ենք, որ պատմության այսպիսի վճռական փուլերում մեր ազգը պարտավոր է միասնական լինել կարևորագույն հարցերի շուրջ... Բազմաթիվ արցախցիների ներկայությունն այնտեղ ուղղված էր ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ խմբերի, այլ՝ հանուն մեր միասնական հայրենիքի ավելի անվտանգ, արդար ու բարեկեցիկ ապագայի: Դրանով մենք փաստեցինք, որ Արցախը ո՛չ «հեղափոխական» է, ո՛չ «հակահեղափոխական», պարզապես սրտացավ է հայության ճակատագրի նկատմամբ, իսկ անտարբերությունը, իմ համոզմամբ, մեծ մեղք է սեփական հայրենիքիդ ու սերունդներիդ հանդեպ: Ավելին՝ նախագահ Բակո Սահակյանը, ես և ԱՀ իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ քանիցս հայտարարել ենք, որ անվերապահորեն սատարում ենք Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական բարեփոխումների իրագործման հարցում: Ուստի, մենք ակնկալում և պահանջում ենք, որ որևէ մեկը չփորձի տարբեր մանր դրվագներում «ղարաբաղցի-հայաստանցի» կեղտոտ խաղաքարտը թափահարել՝ սեպ խրելով հայության տարբեր հատվածների միջև: Սա մեկ հայրենիք է, մեկ ազգ և մեկ պայքար, իսկ արհեստական տարանջատման փորձեր անողները՝ հակահայրենիք մարդիկ... Երկրորդ՝ ուրախ էի վերստին լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ պնդումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ • Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը, • Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, • Հակամարտության վերաբերյալ որոշումը կայացվելու է ժողովրդի հետ բաց քննարկման արդյունքում: Այս հայտարարությունները կրկին ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ արցախցիների գերակշիռ մեծամասնության վստահությունն արդարացված է: Երրորդ՝ մենք համոզված ենք, որ հայոց հայրենիքում, հիրավի, կտիրի միասնականության և սիրո ոգին՝ հիմնված արդարության, բոլորի արժանապատվության և ժողովրդավարական սկզբունքների վրա: Ատելության և նիհիլիզմի ճամփան ոչ ոքի երբեք լավ տեղ չի հասցրել, այնպես որ սերը, համերաշխությունն ու բազմակարծությունը այլընտրանք չունեն, եթե ցանկանում ենք հաջողության հասնել»: Որպես հետգրություն նա գրել է. «Քանի որ շատերն են շահարկում ԱՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրագրի թեման, ստիպված եմ ևս մեկ անգամ պարզաբանել, որ այդ խնդրագրին միացել են «Ազատ հայրենիք» կուսակցության որոշ պատգամավորներ իրենց անձնական նախաձեռնությամբ, իսկ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը միացել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ առաջին նախագահ Քոչարյանի հետ ինքն աշխատել է ԱԺ նախագահի կարգավիճակում: Տեղեկացնեմ, որ նույն Արթուր Թովմասյանը երեկ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Իսկ ինչ վերաբերում է մարտի մեկի գործի վերաբերյալ մեր դիրքորոշմանը, մենք քանիցս հայտարարել ենք, որ մեր պատմության այդ ամոթալի էջը պետք է վերջնականորեն բացահայտվի և փակվի՝ հասնելով բոլոր մեղավորների պատշաճ պատասխանատվությանը: Մնացածը ՀՀ արդարադատության համակարգի որոշելիքն է»,-եզրափակել է Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր