211652_close_icon
views-count1898 դիտում article-date 18:05 03-09-2018

Ուսանողներն ու դիվանագիտությունը պետք է համագործակցեն. Զոհրաբ Մնացականյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում համալսարանականները հյուրընկալեցին ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Ավանդական դարձած հանդիպում-դասախոսությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ինչպես նաև ֆակուլտետի ուսանողներ և առաջինկուրսեցիներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով ներկաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Այնուհետև ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը դասախոսություն կարդաց՝ ուսանողներին ներկայացնելով դիվանագիտական դաշտում առկա ձեռքբերումները, խնդիրներն ու մարտահրավերները: «Ես հարկ եմ համարում առաջին հերթին խոսել այն մեծ ներուժի մասին, որն ունի հայ ժողովուրդը: Մեր կարևոր խնդիրներից մեկն այդ ներուժի ճիշտ ուղղորդումն ու կիրառումն է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կարող է էական դեր ունենալ այս կամ այն հարցի լուծման գործում»,-ասաց նախարարը: Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության և Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներին: «Մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկն ազգային անվտանգությունն է, որի ապահովման համար պատրաստ ենք առանց նախապայմանների համագործակցելու մեր գործընկերների հետ: Ցեղասպանության խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում, վերջինիս դատապարտումն ու կանխարգելումը նաև միջազգային հանրության մարտահրավերներից է, իսկ մեր առաջադրանքն այդ գործընթացներին հետևելն ու մասնակցելն է, ինչն էլ պատշաճ իրագործվում ենք»,- նշեց ԱԳՆ նախարարը: Նախարարը խոսեց նաև Հայաստանի և միջազգային կառույցների միջև առկա համագործակցության մասին՝ընդգծելով ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ ԵՄ-ի երկրների հետ համագործակցությունը: Անդրադառնալով ուսանողների հնչեցրած հարցերին՝ նախարարը ասաց, որ կարևորում է ԱԳՆ-ի և ապագա դիվանագետների հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով ուսանողներին օգնել դիվանագիտական փորձ ձեռք բերելու, ինչպես նաև վերջիններիս ցույց տալու, թե ինչպես տեսական և պրակտիկ դիվանագիտությունը երբեմն ոչ միայն իրար չեն համապատասխանում, այլև հակասում են: «Ուսանողներն ու դիվանագիտությունը պետք է համագործակցեն: Բացի այդ՝ մենք նախատեսում ենք ունենալ նաև կայքէջ, որտեղ կներկայացվի հայկական դիվանագիտության պատմությունը: Այն կանդրադառնա 1919-1920 թվականների, Սովետական Հայաստանի դիվանագիտական պատմությանը, ինչպես նաև առավել մանրամասն և ընդարձակ կներկայացնի Հայաստանի երրորդ Հանրապետության դիվանագիտական պատմությունը»,-վերջում ավելացրեց Զոհրաբ Մնացականյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր