2052 դիտում
16:36 04-09-2018
Խոշորացված համայնքում պետք է ապահովել բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը․ նախարար Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն եռօրյա աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում, որտեղ նախարարը Լոռու մարզպետի և փոխմարզպետների ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի տարբեր համայնքներում, հանդիպումներ ունեցել մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների հետ՝ քննարկելու համայնքային նշանակություն ունեցող խնդիրները, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 31-ին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ մարզի մի շարք պատմամշակութային և զբոսաշրջային վայրերում շրջայցից հետո նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Օձուն և Ալավերդի համայնքներ, տեղի բնակիչների հետ քննարկել համայնքների խոշորացման արդյունքում գրանցված դրական ու բացասական կողմերը, բնապահպանությանն առնչվող հիմնախնդիրներն ու զբոսաշրջային հնարավորությունները։ Նախարար նշել է, որ խոշորացված համայնքում անհրաժեշտ է ապահովել բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը։ Գործընթացի իրական նպատակը առկա միջոցների, ֆինանսական ռեսուրսի խնայումն է և դրանց արդյունավետ օգտագործումը։ «Սրա շրջանակում ես այն պատկերացումն ունեմ, որ, օրինակ, դպրոցների և մանկապարտեզների մասով մենք պետք է գնանք մինիմալ ծախսերի. ոչ թե փակենք եղածները, այլ խնդիրը լուծենք այնպես, որ խոշորացված համայնքի մանկապարտեզներից օգտվեն նաև մնացյալ այն գյուղերի երեխաները, որտեղ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չկան մանկապարտեզներ»,-ասել է նախարարը։
Օրվա ավարտին Ախթալայի համայնքապետարանում նախարար Պապիկյանը հանդիպում է ունեցել Ախթալա և Շնող համայնքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ։ Նախարարը շեշտել է համայնքի ղեկավարների և ավագանու անդամների՝ բնակիչների հետ մշտական կապի մեջ լինելու, համայնքային բյուջեների ծախսման և նպատակային օգտագործման հարցում հաշվետվողականություն դրսևորելու և հանրային կարծիքը լսելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով տարածաշրջանին հատուկ հանրային լայն հնչեղություն ունեցող խնդիրներին՝ նախարարը նշել է, որ դրանց համար արագ և բոլոր կողմերին գոհացնող լուծումներ գտնելը բարդ է, քանի որ դրանք մի կողմից պարունակում են սոցիալական, մյուս կողմից բնապահպանական բաղադրիչներ, որոնք չեն կարող ստորադասվել մեկը մյուսին։
Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 1–ին Թումանյան համայնքի միջնակարգ դպրոցի՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը նախարար Սուրեն Պապիկյանն իր ողջույնի խոսքն է հղել դպրոցների աշակերտներին և նրանց հետ փոքրիկ դասախոսություն ունեցել՝ պետական կառավարման համակարգում իրենց ներդրումն ունենալու հնարավորության մասին։ «Չեմ ուզում անջատել կառավարությանը հասարակությունից. մենք մեկ ենք, բոլորիս խնդիրը Հայաստանն օրեցօր ավելի ուժեղ դարձնելն է:
Իսկ մեր ուժը մեր երիտասարդությունն է, մեր ուժը դուք եք: Այսօր մեր կառավարությունում աշխատող մարդկանց մեծ մասը մի օր ձեզ նման՝ գյուղական դպրոցի նստարանին նստած երիտասարդներ և պատանիներ են եղել, ովքեր հենց այդ ժամանակվանից գիտակցել են՝ կրթության դերն ու նշմարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները»,- նշել է նախարարը։
Այնուհետև Սուրեն Պապիկյանը մասնակցել է Քարինջ բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը և Ահնիձորի այլընտրանքային մանկապարտեզի արևային ֆոտովոլտային պանելի դիտարկմանը։
Նախաուսումնական հաստատությունների պայմաններին ծանոթանալուց հետո նախարարը Քարինջ և Ահնիձոր համայնքների բնակիչների հետ զրուցել է համայնքների կարիքների, բնակիչների մտահոգությունների մասին։ Լսելով Ահնիձորի միջնակարգ դպրոցի վթարային պայմաններին մասին՝ նախարարը խոստացել է առաջիկա ծրագրերի օրակարգում ներառել դպրոցի վերանորոգման հիմնահարցը:
Պատասխանելով գյուղերում երիտասարդների զբաղվածությանը վերաբերող հարցերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը կոչ է արել համայնքների բնակիչներին աշխատանքի հնարավորություն փնտրելիս հայացքն ուղղել դեպի գյուղատնտեսության տարբեր բնագավառներ՝ հողագործություն, անասնապահություն, իսկ անասնագլխաքանակին ծանոթանալով նախարարը հորդորել է այդ թիվն առնվազն եռապատկել։ «Փաստ է, որ մեր հանրապետության սննդի պաշարների ու տարբեր հարցեր հոգալու համար մեզ պետք է նաև արտադրող գյուղ, այսինքն գյուղմթերք արտադրող մարդիկ։ Ի՞նչ է գյուղատնտեսությունը, եթե ոչ աշխատանք։ Նույն անասնապահությունը, հող մշակելը, նույնպես աշխատանք է։ Բայց սա կարելի է հարստացնել ու նաև նոր մշակույթ ներմուծել, իսկ բնությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է»,-հավելել է նախարարը։
Շարունակելով այցը նախարարը համայնքների ղեկավարների, վարչական ներկայացուցիչների և ավագանու անդամների հետ հանդիպումներ է ունեցել Դսեղի “ՔՈԱՖ” սմարթ կենտրոնում և Վանաձորի մարզպետարանում:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, զբոսաշրջությանը, ճանապարհային և էներգետիկ հիմնախնդիրներին, արտագաղթին, աղբահանությանը վերաբերող մի շարք հարցեր: Ընդգծելով աղբահանության խնդրի հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը այժմ քննարկում է աղբահանության հայեցակարգը, և հավելել, որ դրանում իրենց ներդրումը պետք է ունենան նաև համայնքների ղեկավարները՝ ներկայացնելով ինչպես խնդիրների համապարփակ նկարագրեր, այնպես էլ դրանց լուծման ծրագրային առաջարկներ:
Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է «ՄԱՅՄԵԽ ՍԿԻ ՌԵԶՈՐԹ» ՓԲԸ ծրագրով Լոռու մարզի լեռնադահուկային կենտրոնի համար նախատեսվող տարածքներ, Անտառաշեն համայնքի բնակիչների հետ քննարկել ծրագրի իրականացման հետ կապված վերջիններիս առարկություններն ու առաջարկները։
Սեպտեմբերի 3-ին նախարարը այցելել է Սպիտակ, որտեղ հանդիպում է ունեցել Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Համայնքների խոշորացման գործընթացը քննարկելիս նախարարն ընդգծել է, որ փոքր համայնքներում միջոցների սղության պայմաններում լուծումը խոշորացումն է, ինչի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել դրանց եկամուտների ճիշտ ուղղորդումն ու արդյունավետ կառավարումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքներում անմշակ հողատարածությունների ու խոտհարքների խնդրին։ Նախարարն իր մտահոգություններն է հայտնել դրա կապակցությամբ և կարևորել հացահատիկային կուլտուրայի դաշտեր ունենալու և համայնքներն անհրաժեշտ գյուղտեխնիկայով հագեցնելու անհրաժեշտությունը։
Լոռու մարզ այցը նախարար Սուրեն Պապիկյանն ավարտել է Մեծ Պարնի համայնքում՝ շրջայց կատարելով բրիկետի (խտացված վառելանյութի) վերջերս գործարկված արտադրամասում և պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին հիմնանորոգվող մանկապարտեզում։
Նմանատիպ նյութեր
1214 դիտում
14:50 26-01-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. մարզերի համաչափ զարգացումը` առաջնային խնդիր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»