211652_close_icon
views-count65352 դիտում article-date 13:01 08-09-2018

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ն արմատախիլ է արել մի քանի ծառ և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց գոտում. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում Opel մակնիշի 35 DQ 919 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի, արմատախիլ արել և գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել և նրան տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանատար Կարապետ Անտոնյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այն քարշակի միջոցով տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո ճանապարհով անցնելիս է եղել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ով նույնպես օգնություն է ցուցաբերել վիրավորին։ Մարզպետը, ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր