211652_close_icon
views-count2704 դիտում article-date 12:18 10-09-2018

Կարեն Կարապետյանն առաջադրվել է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունն առաջարկել է Հանրապետական խմբակցությունը, որն էլ միաձայն ընդունել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: «Կարեն Կարապետյանն ունի այն մասնագիտական որակները, որոնք նրան հնարավորություն կտան իրականացնել իր պարտականությունները: Կարեն Կարապետյանը Վերահսկիչ պալատում աշխատանքի մեծ փորձ ունի, նաև այլ մարմիններում աշխատանքի փորձ ունի, որը չափազանց կարևոր է»,- նշեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ աշխատանքային մեծ փորձն իրեն հնարավորություն կտա միանգամից անցնել պարտականությունների կատարմանը: «Ընտրվելու դեպքում առաջնային եմ համարում ռիսկերի մեթոդաբանության հստակեցումն ու լրամշակումը: Աշխատանքներ եմ տանելու, որպեսզի Հաշվեքննիչ պալատը համալրվի հաշվեքննություն կատարելու ունակություն ունեցող բարձրակարգ մասնագետներով»,- ասաց նա: Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ գաղտնի քվեարկության միջոցով: Կարեն Կարապետյանը 2016 թ. նոյեմբերի 28-ից ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարն է: 2000 – 2001 թթ. ՀՀ ԱԺ «Իրավունք և միաբանություն» պատգամավորական խմբակցության մասնագետ: 2001 – 2003 թթ. «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացման» պետական հիմնարկի արտադրական բաժնի գլխավոր մասնագետ: 2004 – 2007 թթ. ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ: 2007 – 2010 թթ. Վերահսկիչ պալատի գլխավոր մասնագետ, վարչության պետի տեղակալ: 2010 – 2015 թթ. ՀՀ Վերահսկիչ պալատի վար­չության պետ: 27.06 - 25.11.2016 թ. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի ներդրումային ծրագրերի գծով տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող, գլխավոր տնօրենի տեղակալ- ներդրումային ծրագրերի գծով տնօրեն:

Նմանատիպ նյութեր