211652_close_icon
views-count5023 դիտում article-date 12:01 11-09-2018

Մեծարժեք ու կարևոր ստեղծագործություն. Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Երևանում

Գյումրիից, Վանաձորից ու Կապանից հետո Երևանում անցկացվեց ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը: Այն տեղի ունեցավ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած գիրքը հայերեն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքի երևանյան շնորհանդեսի մեկնարկին հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանն ընդգծեց, որ բացի Հայաստանի մարզերից, մի քանի օր առաջ գիրքը ներկայացվել է Մոսկվայի գրքի միջազգային 31-րդ ցուցահանդես-տոնավաճառում, շատ ջերմ է ընդունվել Ռուսաստանի հայերի կողմից: «Քըրքորյանի մասին կարելի է անվերջ խոսել, պատմել, թե ինչքան հայանպաստ գործունեություն է իրականացրել: Պետք է նշեմ, որ գրքի ռուսերեն թարգմանության և հրատարակման իրավունքը ևս «Էդիթ Պրինտ»-ինն է, և մինչև տարվա վերջ կհրատարակվի նաև «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց Մկրտիչ Կարապետյանը: Նշենք, որ գրքի հեղինակն ամերիկացի հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելն է, թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: Ալինա Միրզոյանը վստահ է՝ «Խաղացողը» գիրքը մեծ արժեք ունի և այն պետք է ներկայացվեր հայ ընթերցողին: «Այս գիրքը կարդալով ընթերցողը նոր բացահայտումներ կանի: Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Քըրքորյանը շատ ներամփոփ մարդ էր: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի կարդալ այս գիրքը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց թարգմանիչը: Աննա Միրզոյանն էլ փաստեց, որ գիրքը կհետաքրքրի ընթերցողների լայն շրջանակի, հավելելով, որ Քըրքորյաննը հայտնի էր ոչ միայն Հայաստանում և ԱՄՆ-ում, այլև այդ երկրների սահմաններից դուրս: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց գրքի հեղինակի տեսաուղերձը: «Այս ուսումնասիրության ամենից ապշեցնող բացահայտումներից մեկն ինձ համար Քըրքի առատաձեռնությունն էր. այն ահռելի սահմանների էր հասնում և իհարկե Հայաստանն ավելի լա՛վ գիտի, թե ինչքան առատաձեռն էր Քըրք Քըրքորյանը, քան որևիցե մեկը: Մինչդեռ մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, քանի որ մեծամասամբ իր կարիերայի ընթացքում Քըրքի բարեգործություններն անանուն կերպով էին արվում: Նա ջանում էր դրանք գաղտնի պահել. ասենք՝ նա գումար չէր տա որևէ մեկին, մինչև վերջինս չհամաձայներ նվերի աղբյուրը գաղտնի պահել: Սա համապատասխանում էր բարեգործության իր կանոնին, այն է՝ «Բարեգործությունը, որը փոխարենը ինչ-որ բան է ակնկալում, բարեգործություն չէ»,-տեսաուղերձում նշում է Ուիլյամ Չ. Ռեմփելը՝ հույս հայտնելով, որ գիրքը դուր կգա հայ ընթերցողին: Նշենք, որ «Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: Գրքի հայերեն տարբերակն արդեն իսկ հայ ընթերցողի սեղանին է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր