3712 դիտում
16:20 11-09-2018
Ամուլսարում հոսում է ուժեղ թթվային ջրերով գետակ․ ՀԲՃ
Ամուլսարում հոսում է ուժեղ թթվային ջրերով գետակ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:
Հայտարարությունում ասվում է.
«Հայտնի է, որ Ամուլսարում հանքի հնարավոր բացման դեպքում ապարների թթվային դրենաժը կդառնա լրջագույն եւ երկարաժամկետ խնդիր տարածաշրջանի ջրերի որակի համար։ Նմանատիպ թթվագոյացման ներուժ ունեցող մի գետակ է հոսում լեռան հյուսիս-արեւմտյան լանջով եւ թափվում Արփա գետի Դարբ վտակը։ Դրա մասին հայտնել են տեղաբնակները, որոնք նաեւ պնդում են, որ Ամուլսարում կան մի քանի այլ թթվային գետակներ եւ առվակներ եւս։ Հայկական բնապահպանական ճակատի կամավորները տեղացիների հետ այցելել են այդ տարածք եւ վերցրել ջրի նմուշ այդ գետակից։ Օգոստոսի 31-ին նմուշը հանձնվել է փորձարկման «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի հավաստագրված լաբորատորիայում։
Փորձարկումների արդյունքների համաձայն ջրի pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել է խիստ թթվային միջավայր ու կազմել 3,52։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ամուլսարի այդ հատվածում կա թթվագոյացման լուրջ ներուժ, որը բազմակի անգամ կավելանա հանքի հնարավոր շահագործման դեպքում։
Ջրի նմուշում որոշվել է նաեւ 17 մետաղների եւ սուլֆատների պարունակությունը, որոնք մենք համեմատել են «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ Արփա գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերի հետ։
Նեկայացնենք այդ նորմերի նկատմամբ շեղումները․
Սուլֆատների պարունակությունը գերազանցել է հաստատված նորման 2,2 անգամ՝ կազմելով է 36,4 մգ/լ 16,4-ի փոխարեն։ Մետաղներից կադմիումի պարունակությունը գերազանցել է նորման 1,4 անգամ, կազմելով 1,4 մկգ/լ, պղնձինը՝ 4,4 անգամ, կազմելով 93 մկգ/լ, երկաթինը՝ 102,8 անգամ, կազմելով 7,403 մգ/լ, ալյումինինը՝ 81,7 անգամ, կազմելով 11756, 6 մկգ/լ, իսկ մանգանինը՝ 233,4 անգամ, կազմելով 2801,1 մկգ/լ։ Մնացած մետաղների պարունակությունները եղել են վերոնշյալ նորմաների սահմաններում (փորձարկման արձանագրությունն այստեղ է):
Սրանք ընդամենը տվյալներ են, որոնք մենք ստացել ենք մեկ անգամ, ընդամենը մեկ ջրահոսքից վերցված նմուշի փորձարկումների արդյունքում։ Պարզ չէ նաեւ, թե արդյո՞ք այս ջրերն արդեն իսկ փոփոխության չեն ենթարկվել վերջին 13 տարում այդտեղ ծավալած մարդածին գործունեության արդյունքում։ Բայց համոզված ենք, որ այս տվյալները բոլորիս շատ լուրջ մտորելու տեղիք են տալիս եւ մի անգամ եւս հաստատում, որ Ամուլսարում ջրերի երկարաժամկետ աղտոտման խնդիրները պատշաճ գնահատված եւ փորձաքննված չեն։ Գիտականորեն ապացուցված չէ, որ հանքի հնարավոր բացման հետեւանքով թթվային դրենաժի ինտենսիվացումը չի բերի Հայաստանի կարեւորագույն ջրային պաշարների անդառնալի աղտոտման եւ ջրատեխնիկական կառույցների քայքայման։
Մետաղական հանքերի թթվային դրենաժի էկոլոգիական վտանգների մասին հակիրճ կարող եք կարդալ այստեղ։ Իսկ Կավարտի եւ Տանձուտի հանքավայրերի թթվային դրենաժի հետեւանքով ջրերի աղտոտման տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ եւ այստեղ։
Հ․Գ․ Լաբորատոր փորձարկումների համար վճարումն արվել է Ամուլսարի պաշտպանության համար նվիրաբերված գումարներից եւ կազմել է 50 100 դրամ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին։
Նմանատիպ նյութեր
3539 դիտում
13:23 01-09-2017
Այստեղ ոսկի են որոնել... Տանձուտի հանքի թթվային ապարների դարավոր դրենաժը. ՀԲՃ
5874 դիտում
00:13 21-08-2020
Իրավիճակն Ամուլսարում գերլարված է. այս պահին պահնորդներն ուզում են տեխնիկա մտցնել տարածք․ ՀԲՃ
29158 դիտում
12:12 03-01-2017
Երգի պրեմիերա. Մանուկ Բարսեղյան. «Անցիր, այ գետակ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»