211652_close_icon
views-count3029 դիտում article-date 15:40 12-09-2018

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել. Արտակ Դավթյան

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/946943.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն, ով 2008թ-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը: «Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»,- ասաց նա: ԳՇ պետը նաև նշեց, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով: «Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,- նշեց Արտակ Դավթյանը: Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է՝ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, այլև կրակել մարդկանց բնակարանների ուղղությամբ: Խաչատրյանը նշել է, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն, բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին:

Նմանատիպ նյութեր