211652_close_icon
views-count4011 դիտում article-date 14:01 13-09-2018

«Ելք» խմբակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում է կանոնակարգի խախտում

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոնյանը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի հրապարակման դեպքի մանրամասները քննելու նպատակով քննիչ հանձնաժողովի ստեղծումն ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում են համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորները նման տեսակետ հայտնեցին հանձնաժողովի ստեղծման համար հրավիրված արտահերթ նիստում: «Հանձնաժողով ստեղծելու համար ստորագրահավաքից հետո մենք ուսումնասիրեցինք «ԱԺ կանոնակարգ»-ը և դրանում քննիչ հանձնաժողով ստեղծելու սահմանափակում տեսանք: Զարմացած եմ, որ դա վրիպել է ձեր աչքից: Քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում: Երկու դեպքերով էլ նախաքննություն է ընթանում, կա մամուլի հաղորդագրություն, որ քրեական գործեր են հարուցված: Դրա համար ԱԺ-ն չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը: ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշեց` այդ հանգամանքը չի վրիպել իրենց աչքից: «Մենք չենք խոսում կոնկրետ քրեական գործերի մասին: Սա մեզ բերում է այն եզրահանգման, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնիության սկզբունքը խախտվել է, դա կասկածի տեղիք է տալիս ցանկացած քաղաքացու` արդյոք իր հեռախոսային գաղտնիության իրավունքը պաշտպանվա՞ծ է»,-ասաց նա: Էդմոն Մարությանը նշեց` ԱԺ այդ նիստը գումարելու որոշման նախագծում նշված է այն դեպքը, որի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ: Պատգամավորները կոնկրետ այդ դեպքի համար են ստորագրահավաք իրականացրել: «Այդ նպատակով էլ ցանկանում են ստեղծել հանձնաժողով: Գաղտնալսման մասին հայտնի տեղեկություն կամ որևէ պաշտոնատար անձի կողմից քրեական գործի նախաքննությանը խոչընդոտելու փաստ չունենք: Այդ փաստերով եք դուք ուզում ստեղծել հանձնաժողով»,-նշեց Մարուքյանը: Կոստանյանը նշեց, որ եթե տեքստի ձևակերպումը խնդիր է, կարող են փոխել: Ալեն Սիմոնյանը նկատեց, որ անունն ինչ ուզում է դնեն, նույն հարցն են քննարկելու: Իսկ «ԱԺ կանոնակարգն» ասում է, որ քննչական հանձնաժողովի քննության առարկա չեն կարող դառնալ նախնական քննության կամ դատավարության այլ փուլում գտնվող հարցերը:

Նմանատիպ նյութեր