172493 դիտում
20:45 13-09-2018
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 22 ՏՍ 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ նույնպես մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատի թիվ 15 խումբը՝ խմբի հրամանատար Վազգեն Դանիելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր երեխային հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ մասի պետ Հովհհաննես Ազարյանն ու Նաիրիի ոստիկանապետ Դ. Գևորգյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդը փախուստի չի դիմել, նրան ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի ուղեկցությամբ տեղափոխեցին ոստիկանության Նաիրիի բաժին:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Այս պահին նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Նշված հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ, վրաերթեր ու բազմաթիվ անգամ դիմել ենք պատկան մարմիններին՝ խնդրելով, որպեսզի նշված ճանապարհին տեղադրվեն մի քանի հատ արհեստական խոչընդոտներ, սակայն պատասխանատու մարմինը, տվյալ դեպքում Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, չի բարեհաճում խնդիրը լուծել: Էս բոլոր մահվան դեպքերի մեղքի իրենց բաժինն ունի նաև Կապի և տրանսպորտի նախարարությունը: Գոնե ողբերգական այս դեպքից հետո տվյալ նախարարության չինովնիկները մարդ գտնվեն ու խնդիրը լուծեն: Հակառակ դեպքում՝ նմանատիպ դեպքերը կրկնվելու են ու նրանք հայտնվելու են անեծքի տակ»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+