211652_close_icon
views-count12925 դիտում article-date 15:14 18-09-2018

Վրաստանի ավտոճանապարհով ցորենի փոխադրման արգելքի դեմ Թբիլիսիում ցույցեր են կազմակերպվել

Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների (ֆուռ) վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։ Հաղորդում է [url=http://www.aliq.ge/avtotchanaparhov-coreni-phoxadrman-argelkhi-dem-thbilisium-akcianer-en-ehnthanum/]aliq.ge[/url]-ն։ Ցույցի մասնակիցները պնդում են, որ չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը: Նրանց խոսքով, սա իրենց եկամտի միակ աղբյուրն է, առանց որի չեն կարող գոյատևել բազմաթիվ ընտանիքներ: Մինչ այդ, վարորդները ցույց են անցկացրել երկրի Ֆինանսների նախարարության շենքի մոտ: Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընթացող ցույցի պատճառով «Գեզի Թբիլիսի» ընկերության գործունեությունը կաթվածահար վիճակում է։ «Հատկանշական է, որ Ֆինանսների նախարարը մասնակիցներին դեռ նախարարության տարածքում անցկացված ակցիայի ժամանակ առաջարկել է բանակցություններ սկսել, սակայն առաջարկված ձևաչափը մասնակիցները նպատակահարմար չեն համարել: Այս պահի դրությամբ եկամուտների ծառայության գրանցման տնտեսական գոտին դադարեցրել է աշխատանքը, սա վերաբերում է նաև արագ փչացող ապրանքի ներմուծմանը: Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում դադարեցնել ակցիաները, հարցը լուծել կառուցողական ճանապարհով»,-ասված է հայտարարությունում: Հիշեցնենք, ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը պաշտոնական Թբիլիսին արգելել էր սեպտեմբերի 15-ից, սակայն օրերս հայտնի դարձավ, որ արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:

Նմանատիպ նյութեր