211652_close_icon
views-count3218 դիտում article-date 11:00 21-09-2018

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․ Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը: Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձևավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզների վերափոխման և ազգային օրենսդրության մշակման տարիներ: Միաժամանակ, Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ, գործուն մասնակցություն ունեցավ միջպետական տարբեր դաշինքների ստեղծմանը՝ դրանով իսկ ընդլայնելով ու ամրապնդելով իր տնտեսության զարգացման հնարավորությունները և անվտանգային միջավայրը: 1991 թվականի այս օրը կանգնած լինելով կանխատեսելի ու անկանխատեսելի մարտահրավերների, բազմաթիվ փորձությունների և հարցականների առջև՝ մենք անբեկանելի վճռով ուրվագծեցինք մեր հայրենիքի ազատ ապագան: Անկախ պետականություն կառուցելու ճանապարհը մեզ համար անցավ պատերազմի արահետներով: Եվ այսօր տոնելով Հայաստանի Հանրապետության ծննդյան հերթական տարեդարձը՝ առաջին հերթին պիտի ոգեկոչենք հայրենիքը, հայությանն ու սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելիս ընկածների պայծառ հիշատակը: Հավերժ փառք նրանց: Սիրելի բարեկամներ, սեպտեմբերի 21-ը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի մղած դարավոր պայքարի փառավոր էջերն ու փորձություններով լի պահերը և դարձել է ազատ ապագա կերտելու մեր ձգտման իրավական վավերացումը: Դրա շնորհիվ այսօր պահպանում ու զարգացնում ենք մեր քաղաքակրթական ինքնատիպ ու հարուստ ժառանգությունը, ունենք ժողովրդավարական հասարակություն, պաշտպանված հայրենիք և խելակորույս արագությամբ փոխվող աշխարհի կարևորագույն գործընթացներին ինտեգրված պետություն: Մենք համաժողովրդական պայքարով ենք հասել այս նվաճումներին, որոնք պահպանելու և ամրապնդելու համար այսօր և միշտ անհրաժեշտ է ըմբռնումն այն պարզ իրողության, որ Հայաստանի Հանրապետության ապագան այլևս մեր ձեռքերում է: Սիրելի հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ը մեր պետական տոնացույցում անջնջելի տառերով գրվեց առաջին հերթին հայ ժողովրդի միասնության շնորհիվ: Վերջին շրջանում մենք ներքաղաքական պայքարի լարված ամիսներ ենք ապրում: Սակայն, անցած քսանյոթ տարիների անգամ ամենադրամատիկ պահերն ապացուցել են, որ մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, հավատում ենք մեր ուժերին և իրականություն ենք դարձնում ապագային նայող ծրագրերը: Վստահ եմ, որ հիմա էլ այդպես կլինի և կսկսվի լուծումներ գտնելուն միտված կառուցողական քննարկումների ժամանակը: Յուրաքանչյուրս հստակ գիտակցենք մեր տեղը, դերը և պատասխանատվությունը Հայաստանի ու հայության հանդեպ և ամենատարբեր ասպարեզներում հնարավորին չափով մեր ավանդը բերենք բոլորիս երազած հայրենիքը կառուցելու գործին: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն:

Նմանատիպ նյութեր