211652_close_icon
views-count7328 դիտում article-date 20:51 22-09-2018

Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն. ՖՈՏՈՇԱՐՔ

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։ Ընդունելությանը ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, հայ և վրացի մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց, որ հայ ժողովուրդը դարեր ի վեր երբեք չհամակերպվեց անկախության կորստի հետ և մշտապես պայքարեց ազատ և անկախ ապրելու համար, որն ի վերջո իրականություն դարձավ 27 տարի առաջ։ Դեսպանի խոսքով՝ անկախությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն և նշանակություն է ստանում հայ ժողովրդի համար։ Դեսպան Սադոյանն, անդրադառնալով մերօրյա Հայաստանին, նշեց, որ անկախությունից 27 տարի անց էլ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները շարունակում են կերտել Հայաստանի ապագան՝ այդ կերպ ցույց տալով ամբողջ աշխարհին, որ ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղությունն առաջնահերթություններ են Հայաստանի համար։ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Շարվաշիձեն իր ելույթում, շնորհավորելով բարեկամ հայ ժողովրդին, մաղթեց բարգավաճում և նորանոր հաջողություններ։ Փոխարտգործնախարարը խոսեց հայ և վրացի ժողովուրդների դարերի խորքից եկող հարաբերությունների և ընդհանրությունների մասին։ Ընդունելության ընթացքում ներկաներն ունկնդրեցին հայկական ժողովրդական երաժշտություն՝ Հայաստանից ժամանած երաժիշտների կատարմամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր