211652_close_icon
views-count14404 դիտում article-date 23:03 23-09-2018

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում նախատեսվում է երեքշաբթի երեկոյան․ «Ամերիկայի ձայն»

Կիրակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է ժամանում՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4583033.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ժամանելուց անմիջապես հետո, մինչև ՄԱԿ, Փաշինյանը Նյու Յորքի Յեյլ ակումբում հանդիպելու է Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հանդիպում, որին տեղի հայերն անհամբեր են սպասում: ՄԱԿ-ի հարևանությամբ գտնվող Նյու Յորքի այս հնագույն ակումբում Հայաստանի վարչապետը ներկայացնելու է հայ համայնքին «Թավշյա հեղափոխության» ձեռքբերումներն ու հեռանկարները այդ թվում և Սփյուռքի համար: Երկուշաբթի Նիկոլ Փաշինյանը կայցելի Նյու Յորքի խոշորագույն Մետրոպոլիտեն թանգարանում օրերս բացված «Հայաստա՛ն» ցուցահանդեսը, որին ներկայացված է հայկական քրիստոնեական արվեստն ու գրականությունը: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի գագաթաժողովին, ապա դրա քաղաքական մասը հիմնականում նվիրված է լինելու Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանն ու Իրանի խնդրին: Եվ եթե նախորդ տարի Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի կողմից սուր քննադատության էր ենթարկվում, ապա այս տարի քննադատության կիզակետում է Թեհրանը: «Իրանը շարունակում է խնդիր մնալ: Իրանի մատնահետքերը նշմարվում են աշխարհի բոլոր վտանգավոր կետերում», - Միացյալ Նահանգներն այս ընթացքում նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ չորեքշաբթի անցնելու է միջուկային զենքի տարածման կանխարգելմանը նվիրված հատուկ քննարկում: Քննարկմանը նախատեսվում է նաև այդ խնդրին նվիրված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը: Թրամփի ելույթից ժամեր անց Նյու Յորքում հայտարարություն և ասուլիս է նախատեսում անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում նախատեսվում է երեքշաբթի երեկոյան: Դրանից բացի երկուշաբթի և երեքշաբթի ՄԱԿ-ում ծրագրված են վարչապետ Փաշինյանի մի շարք ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հատուկ երկկողմ հանդիպում դեռևս չի նախատեսված, սակայն, երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն երկուշաբթի երեկոյան Դոնալդ Թրամփի կողմից ՄԱԿ ժամանած ղեկավարների պատվին կազմակերպվող հատուկ ընդունելությանը: Թրամփ-Փաշինյան առանձին հանդիպման գաղափարը բարձրացրել էին Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ, ովքեր կոչ էին արել Դոնալդ Թրամփին հատուկ հանդիպում անցկացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փորձագետների խոսքով սակայն, այս պահին նման բանակցությունները վաղաժամ են, քանի որ ձևավորված չէ բանակցությունների օրակարգ և հանդիպումը կարող է կրել միայն բարի կամքի դրսևորման բնույթ: Սպիտակ տան նախկին աշխատակից Արամ Բախշյանի խոսքով, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև չկան սուր խնդիրներ, որոնց կարգավորման համար անհապաղ հանդիպում պահանջվեր: Քեննեթ Խաչիկյանը, ով երկար տարիներ պատրաստել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթները, ի դեպ, հենց նա է հեղինակը այն հայտարարության, որտեղ նախագահ Ռեյգանն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, նշում է, որ ՄԱԿ-ի գագաթաժողովը բարի կամքի հանդիպումներ կազմակերպելու լավագույն ժամանակաշրջանը չէ, քանի որ հարյուրից ավելի այլ երկրների ղեկավարներ նույնպես ցանկանում են հանդիպել ԱՄՆ-ի նախագահին։

Նմանատիպ նյութեր