211652_close_icon
views-count5173 դիտում article-date 16:59 25-09-2018

Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է. «Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել». ermenihaber.am

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու: Մուստաֆա Օզմենը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են, որ որդուն մոտ օրերս ազատ են արձակելու: Ումութ Ալի Օզմենը դեպքը ուշագրավ է նրանով վերջին տարիների ընթացքում հայ-թուրքական սահմանի խախտման դեպքերից թուրքական մամուլի կողմից ամենաշատն է ուշադրության արժանացել: Օզմենի կալանավորմանը անդրադարձան թուրքական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները: Որոշները նույնիսկ լուրեր տարածեցին, թե Ումութ Ալիի ազատ արձակման գործին միջամտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ զանգահարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայկական կողմը ավելի ուշ հերքեց այս տեղեկությունը: [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/09/25/%D5%88%D6%82%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9-%D4%B1%D5%AC%D5%AB-%D5%95%D5%A6%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A11/137773]Ermenihaber.am[/url]-ը, հետևելով թուրք սահմանախախտի գործով բոլոր զարգացումներին, հարցազրույց է անցկացրել սահմանախախտի՝ Երևանում գտնվող հոր հետ: Պարոն Մուստաֆա, Ձեր որդին հատել էր հայ-թուրքական պետական սահմանը և հայտնվել Հայաստանում: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել. Ո՞րն է եղել նրա նպատակը: - Երբ Ումութը փոքր երեխա էր, իրեն մեզ հետ յայլա (արոտավայր) էինք տանում, որը գտնվում էր սահմանին շատ մոտ: Այնտեղ մի բլուր կա, որի մյուս կողմում Հայաստանի սահմանն էր: Փոքր ժամանակ Ումութը տարբեր լեգենդներ էր լսել այն մասին, թե ինչեր կան այդ բլրի ետևում և իր մոտ հետաքրքրություն էր առաջացել դեռ այն ժամանակվանից: Այս տարի, երբ երկար ընդմիջումից հետո Ումութը նորից յայլա եկավ, մորն ասել էր, որ գնում է թեյի համար խոտաբույս հավաքելու ու գնացել էր բլրի ուղղությամբ: Բլրի վրա անասուններ են եղել և Ումութը գնացել է՝ նրանց ետ բերելու: Անասուններին բերելուց հետո իր հետաքրքասիրությունից դրդված որոշել է անցնել բլրի մյուս կողմն ու գալ Հայաստան: Միամիտ, պարզ ու հետաքրքրասեր երեխա է: Նա գիտակցել է, որ դեպի սահման է գնում, սահման է անցնելու, բայց չի գիտակցել, որ դա հանցանք է: - Իսկ այստեղ գտնվելու ընթացքում Ձեր որդին գո՞հ է եղել իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից: - Երբ առաջին անգամ եկա նրան տեսակցության, նա շատ գոհ էր: Իրեն շատ լավ են վերաբերվել: Ես էլ զգացի այդ ջերմությունը, հոգատարությունը: Հետագայում մանկական գաղութում փոքր միջադեպ էր տեղի ունեցել հերթապահներից մեկի հետ, որը լեզուն չհասկանալու հետևանք էր: Դրան կարևորություն չեմ տալիս, այդ միջավայրում հնարավոր են նման բաներ: Բայց որդիս չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելիության և ինքնության համար: Ընդհակառակը՝ ելնելով իր ինքնությունից այստեղ ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ: - Իսկ ի՞նչ կասեք այն խոսակցությունների և պնդումների մասին, որ իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով, որ ազատ արձակեն Ձեր որդուն: - Անկեղծ ասած այդ մասին ես իմացել եմ լրատվական կայքերից: Ինքս տեղյակ չեմ, թե դա որքանով է հավաստի: Եթե մեր հարգարժան նախագահը զանգահարել է շատ շնորհակալ եմ, եթե չի զանգահարել նորից շնորհակալ եմ: Շնորհակալ եմ նաև ձեր վարչապետին և ամբողջ ղեկավարությանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/09/25/%D5%88%D6%82%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9-%D4%B1%D5%AC%D5%AB-%D5%95%D5%A6%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A11/137773]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր