Մարտակերտում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի նախաձեռնությամբ՝ շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի աջակցությամբ Մարտակերտում տեղի է ունեցել մոմավառություն նվիրված ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ, հայ ազգի պանծալի զավակ՝ Շառլ Ազնավուրի հիշատակին:
Մոմավառությանը ներկա էր շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը։
Ինչպես նաեւ ներկա էին շրջվարչակազմի, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ եւ աշխատողներ, ուսուցիչներ եւ աշակերտներ, քաղաքի հասարակությունը և այլք:
Մարտակերտի <<Փառք ազատամարտիկներին>> հուշահամալիրից մեկնարկել է քայլերթ դեպի Սուրբ Կարապետ եկեղեցի:
Այնուհետեւ եկեղեցու բակում ներկաները մեծն հայի հիշատակին կատարել են մոմավառություն եւ աղոթել նրա հոգու հանգստության համար:
Սա իսկապես համամարդկային կորուստ է եւ վիշտ, քանի որ կյանքից հեռացավ եւս մեկ ազգին նվիրյալ զավակ եւ մեծանուն հայ:
Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ