2593 դիտում
13:43 11-10-2018
Պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Կանադայի վարչապետ
Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը տիրույթ է, որտեղ պետությունները կարող են լսել միմյանց, և երկիրն այդ տիրույթի լիիրավ անդամ է՝ լինի 99, թե 9 մլն բնակչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ընթացքում այս մասին ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար ու այս ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրը ունենա 99 մլն բնակչություն, թե 9 մլն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության: Մենք պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Այս գագաթնաժողովը կայանում է շատ կարևոր մի պահի: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու մեր կարգախոսը, քանի որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում: Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայից: Բնիկ ժողովուրդներ կան շատ, որոնք նույնպես իրենց մոռացված են զգում ժամանակակից աշխարհի խոստումներից: Սակայն ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական ու այլ պատկանելությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար: 10 ամենաարագ զարգացող պետություններից 5-ը ֆրանկոֆոն պետություններ են»,- ասաց Թրյուդոն:
Կանադայի վարչապետը կարևորեց Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում հատկապես աֆրիկյան երկրների ներկայացվածությունը:
«Աֆրիկան այսօր հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի շարժիչը՝ հաշվի առնելով բնակչությունը և զարգացման տեմպը: Մեր պատասխանատվությունն է՝ մեր երիտասարդությանը հավասար հնարավորություններ ընձեռել սովորելու ու հաջողություններ գրանցելու: Կանադան ակտիվորեն մասնակցում է Մալիում ՄԱԿ-ի գործառույթներին: Այսօր կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ Մալիում գրանցվում են հաջողություններ կանանց իրավունքների հարցում: Այնտեղ նվազում է խտրականությունը: Սա մեր գործառույթներից մեկն է Աֆրիկայում: Մենք աֆրիկյան մայրցամաքի համար ցանկանում ենք լինել երկարաժամկետ գործընկեր: Կանադան կշարունակի պաշտպանել Ֆրակոֆոնիայի արժեքները, որոնք մարդու իրավունքներն են»,- նշեց Կանադայի վարչապետը
Ջասթին Թրյուդոն անդրադարձավ նաև Շառլ Ազնավուրին՝ նշելով, որ անչափ սիրում էր շանսոնյեին:
«Ինչպես իմ գործընկերները, ես չեմ կարող չարտահայտել իմ խորը կարեկցանքը մեծ մարդու՝ Շառլ Ազնավուրի համար, ում ես անչափ սիրում էի: Ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը համակվեց հարգանքի տուրքով՝ ուղղված Շառլ Ազնավուրին: Շառլը մանրամասն տեսնում էր մեր լեզվի ու մեր մշակույթների բոլոր նրբերանգները: Ես տեսնում եմ նույնն այստեղ ևս»,- ասաց Թրյուդոն:
Կանադայի վարչապետը շնորհակալություն հայտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին ու ամբողջ հայ ժողովրդին:
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:
Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:
Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։
Նմանատիպ նյութեր
1953 դիտում
11:29 10-04-2021
Հայը ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար պետք է մերժել ոչ միայն դրսի, այլև ներսի թշնամուն. Հասրաթյան
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»