Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այդ մասին, տեղեկացնում է Tass գործակալությունը։
Այդ մասին օտարերկրյա լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ընթացքում հայտնել է իսրայելացի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:
«Մենք Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 20 թիրախ ենք խոցել ի պատասխան Իսրայելի հրթիռակոծման։ Այդ թիրախների թվում էին ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հարավային մասում, հրթիռների համար նախատեսված արտադրական հարթակները, ինչպես նաեւ եւս մեկ թունել ափամերձ շրջանում»,-ասել է նա:
Կոնրիկուսը նշել է, որ լույս հոկտեմբերի 17-ի գիշերը Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակված 2 հրթիռները «տեղական արտադրության միջին հեռահարության հրթիռներ են, որոնք կան միայն ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» շարժումների տրամադրության տակ»:
«Մենք ՀԱՄԱՍ շարժմանն ենք պատասխանատու համարում հրթիռային գրոհի համար, Իսրայելի բանակը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը»,- հավելել Է նա: