3217 դիտում
20:43 21-10-2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մեկնեցին Լիբանան՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի քահանայական ձեռնադրության և օծման 50-ամյակին նվիրված արարողություններին:
Հոկտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում մատուցված Ս. Պատարագից հետո տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ընթացքում Նաթան արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից շնորհավորեց Արամ Ա Կաթողիկոսին՝ հրապարակելով նրան ուղղված Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորագրում մասնավորապես ասված է.
«Գոհունակությամբ տեղեկացանք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքի մեջ հանդիսավորապես նշվելու է քահանայական Ձեր ձեռնադրության և օծման 50-րդ տարեդարձը:
Այս առիթով Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձերդ եղբայրությանը Մեր ջերմ շնորհավորանքները և ամենայն բարյաց մաղթանքները:
Հինգ տասնամյակ առաջ Դուք նվիրվեցիք հոգևոր սպասավորությանը, և այսօր Ձեր հոբելյանը դիմավորում եք մեր Եկեղեցու անդաստանում արգասավոր ծառայության վաստակով: Տիրոջ պատգամին հավատարիմ՝ Դուք ջանացել եք արդյունավորել Ավետարանի կենարար խոսքի քարոզությունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության խնամքի ներքո գտնվող հայորդյաց հոգևոր հոգածությունը՝ վայելելով հոգևոր դասի ու հավատացյալների սերն ու հարգանքը:
Այս տարիների ընթացքին Ձեր վաստակը նաև հավելվել է գրական գործունեությամբ՝ մեր Եկեղեցու ազգային-հոգևոր կյանքին և միջեկեղեցական հարաբերություններին նվիրված խոհերի և ուսումնասիրությունների հրատարակությամբ:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի առաքելությանը Դուք կոչվեցիք մեր անկախ պետականության վերականգնման շրջանին, երբ նոր հորիզոններ բացվեցին մեր Եկեղեցու առջև՝ զորացնելու աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնությունն ու առավել պայծառ դարձնելու նրա հոգևոր կյանքը:
Ուրախ ենք, որ եկեղեցական մեր անդաստանում անբարենպաստ նախորդ ժամանակներից մնացած ընթացքները հաղթահարելու և խնդիրները կարգավորելու ուղղությամբ Ձեզ հետ քայլեր ձեռնարկեցինք: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գումարեցինք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, սրբադասեցինք մեր անմեղ նահատակներին, ինչպես նաև կյանքի կոչեցինք հայրենական ու միջեկեղեցական կարևոր մի շարք միջոցառումներ:
Հավատում ենք, որ միասնական գործակցությամբ պիտի շարունակենք լուծման առաջնորդել հոգևոր-եկեղեցական մեր անդաստանում առկա մարտահրավերները՝ ի փառս Աստուծո, ի մխիթարություն համայն մեր ժողովրդի և ի զորացումն մեր Սուրբ Եկեղեցու:
Ներկա մեր կյանքի հիմնախնդիրների առջև հրամայական է, որպեսզի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ուխտապահ մեր հոգևորականաց նվիրյալ ջանքերով առավել արդյունավորությամբ իրագործի տերունավանդ իր առաքելությունը՝ հանուն աշխարհսփյուռ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր զարթոնքի, մեր Հայրենիքի բարօրության ու առաջընթացի, համազգային մեր իղձերի իրականացման ու լուսավոր գալիքի:
Վերստին Մեր շնորհավորանքները բերելով, սիրեցյալ եղբայր, և հայցելով Տիրոջ Սուրբ Աջի առաջնորդությունն ու հովանին Ձեզ՝ մաղթում ենք քաջառողջություն և արդյունավոր գահակալության երկար տարիներ՝ ի շինություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»:
Նմանատիպ նյութեր
1919 դիտում
11:38 18-09-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
1140 դիտում
23:13 11-11-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Այս բաժնից
997 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
940 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ