Ինչո՞ւ է համաներումը կիրառվում մինչեւ 3 տարեկան երեխա ունեցողների վրա. Հրաչյա Հակոբյանը՝ Զեյնալյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինչով է այս համաներումն աննախադեպ։
Նման հայտարարություն լրատվամիջոցների հետ զրույցում արել էր ինքը՝ Զեյնալյանը:
«Աննախադեպ եզրույթը, հավանաբար թե վերնագրերից եք ընթերցել։ Դա իմ հայտարարությունների տված գնահատականն է կամ որակումը։ Ազատ եք գնահատականներ տալ այդ առումով: Ամենաընդարձակ համաներումը սա է։ Ե՛վ բացարձակ, ե՛ւ հարաբերական թվով սա ամենամեծ համաներումն է, այս համեմատականը կա տեղեկանքի ձեւով, այն կարող է նաեւ հրապարակվել համեմատության համար»,- ի պատասխան հարցի ասաց Ա. Զեյնալյանը։
Հ.Հակոբյանը նախարարի պաշտոնակատարից նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է համաներումը կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն մինչեւ 3 տարեկան երեխա. «Ինչո՞ւ է ընտրվել հենց մինչեւ 3 տարեկանների շեմը, որովհետեւ 4 տարեկանն էլ է անչափահաս, 5 տարեկանն էլ»։
Ա.Զեյնալյանն ընդգծեց, որ այս շեմը նախատեսված է բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերով. «Սա սոցիալական ակցիա է՝ ուղղված ընտանիքների, երեխաների պաշտպանությանը։ Սա ներառված է մեր նորմատիվ բազայում»։
Հ. Հակոբյանը արձագանքեց՝ 3 տարեկանի թիվը վերցված է միջազգային փորձի՞ց եւ փոփոխման ենթակա չէ՞:
«Շեմն ընտրելն ունի բժշկագիտական, սոցիալական հիմքեր, եւ բազմաթիվ նորմատիվ ակտերում հենց երեք տարեկանն է ընդունված որպես եզր, դրա համար էլ այս թիվն է ընտրված»,- պատասխանեց հիմնական զեկուցողը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի