211652_close_icon
views-count1788 դիտում article-date 16:41 15-11-2018

Ժողովրդի սպասելիքներն արդարացնող քաղաքական ուժը մեծ քվեներ կստանա. Սերգեյ Բագրատյան

Հայաստանում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերին ընտրելու առումով՝ ժողովրդի համար էական նշանակություն կունենան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ նրանց մոտեցումները: «[url=https://armenpress.am/arm/news/954660.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններից, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Վստահ եմ, որ քարոզարշավի ընթացքում ասելիք ունեցող քաղաքական ուժերը կվերահաստատեն իրենց տեղը քաղաքական քարտեզի վրա: Վստահ եմ նաև, որ ժողովուրդն ավելի շատ սպասելիքներ ունի տնտեսական, սոցիալական ոլորտներում: Այն քաղաքական ուժերը, որոնք կսպասարկեն ժողովրդի շահերը՝ բնականաբար ավելի մեծ քվեներ կունենան և կկարողանան հետագա գործունեությունը կազմակերպել խորհրդարանում»,- նշեց Բագրատյանը: Նրա խոսքով՝ ժողովրդի ընտրության հարցում էական նշանակություն կունենան նաև քաղաքական ուժերի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Պատգամավորը շեշտեց նաև բնապահպանական խնդիրների ու արտաքին մարտահրավերների առկայությունը: «Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք և՛ արտաքին մարտահրավերներին, և՛ ներքին որոշակի տնտեսական խնդիրների լուծմանը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը: 2018 թվականի նոյեմբերի 14-ին 18:00-ի դրությամբ ավարտվել են ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրումները: Ընդհանուր առմամբ մասնակցելու է 9 կուսակցություն և 2 դաշինք: Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը սկսվելու է նոյեմբերի 26-ից:

Նմանատիպ նյութեր